Հայոց ցեղասպանության 99-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի ռազմավարական հատվածներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված վահանակներ: Վահանակները տեղադրվել են «Խաղաղության արվեստ» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանի նախաձեռնությամբ:
Nouvelles d'Armenie-ի փոխանցմամբ' վահանակների վրա գրված է՝ «Ճանաչենք դարի ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը»: Վահանակների վրա ««Ցեղասպանություն» բառն իր մեջ ներկայացնում է նաև 100 թիվը և ձեռնաշղթա։ 100-ը հիշեցնում է Մեծ Եղեռնի հարյուրամյակը,իսկ ձեռնաշղթան խորհրդանշում է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը հանցագործների և նրա կողմնակիցների կողմից:
«Հայոց ցեղասպանության ժխտումը զոհերի հանդեպ անարգանք է: Անցել է 100 տարի և ժամանակն է' «ձեռնաշղթաներ հագցնել հանցագործներին»: Քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել Թուրքիայի կողմից' աշխարհի միլիոնավոր հայերը պահանջելու են ճանաչում և արդարություն»,- ասել է Հեճինյանը:
1996 թ-ից սկսած Վարուժանի նախաձեռնությամբ ԱՄՆ-ում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող մեծածավալ գովազդային վահանակներ, որոնց նպատակն է հանրությանը ներկայացնելՀայոց ցեղասպանության փաստը: Հեճինյանը նաև կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին, ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: