Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ ապրիլի 5-ին ՌԴ-ում Սիրիայի դեսպանատան առջև տեղի է ունեցել պսակադրության արարողություն' ի հիշատակ Սիրիայում տեղի ունեցող գործողությունների հետևանքով զոհված անմեղ քաղաքացիների:

 

«Իտառ-տասս»-ի փոխանցմամբ' Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը նշել է, որ ակցիայի նպատակն է' Սիրիային ցուցաբերել հոգեբանական աջակցություն ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում: «Մենք եկել ենք սատարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ արտաքին գործերի նախարարության ջանքերին' ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորմանը»,- ասել է Մուքանյանը:

 

ՌԴ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռիյադ Հադդադը նշել է, որ իրենք ցանկանում են այսօր պաշտպանել իրենց ժողովրդին «Ջեբհատ ան-Նուսրա» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումներից: «Ոչ մի նոր բան չկա նրանում, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին, վերջինս իր ինքնաթիռների ուղեկցությամբ օգնել է, որպեսզի ահաբեկիչները մուտք գործեն Քեսաբ»,- ասել է դեսպանը:

 

Նա ընդգծել է, որ Սիրիան վստահ է ահաբեկիչների դեմ իր հաղթանակում: «Մենք այս ամենից ուժեղ և հաղթած դուրս կգանք»,- հայտարարել է Հադդադը:

 

«Հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող ողբերգական իրադաձությունները հերթական անգամ ցույց են տալիս միջազգային հանրությանն այն ցավն ու ողբերգությունը, որին վերջին տարիներին բախվել է Սիրիայի ժողովուրդը: Թուրքիայի աջակցությամբ ծայրահեղականների և իսլամիստական խմբավորումների հարձակումների հետևանքով Սիրիայում ոչնչացվում և մասսայականորեն իրենց տներից վտարվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում հայեր, ռուսներ և այլ ազգերի ներկայացուցիչներ»,- ասված է Ռուսաստանի հայերի միության տարածած հաղորդագրության մեջ:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սնունդով: Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների' Հայաստան ներգաղթին զուգահեռ այնտեղ սկսել են հաստատվել օտարազգիները։