Մինչ հայերը նախապատրաստվում են ապրիլի 24-ին ոգեկոչել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը, ամբողջ աշխարհի հայ համայնքները մտահոգված են Սիրիայի իրենց եղբայների ճակատագրով: Իսլամիստ ծայրահեղական ուժերի գրոհներից խուսափելու համար վերջերս զանգվածային բռնի տեղահանություններին են ենթարկվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քեսաբ քաղաքի քրիստոնյա հայերը: Այս մասին հայտնում է International Business Times լրատվական կայքը:
«Տարբեր տեղեկություններ են հաղորդվում գաղթականների թվաքանակի և հասցված վնասների վերաբերյալ: Ըստ որոշ հրապարակումների` Քեսաբը լքել են հայերի կեսից ավելին, եթե ոչ բոլորը: Մյուսները հայտնում են, որ մի քանի եկեղեցիներ ավերվել են, և առվազն ութսուն մարդ սպանվել է: Իսլամիստ ուժերի հանդեպ տածած վախից միայն շատերը կարող են գաղթած լինել, քանզի Սիրիայի որոշ կրոնական փոքրամասնություններ, որի բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են, ենթարկվել են ապստամբ ուժերի, այդ թվում' ծայահեղ իսլամիստների, հարձակումներին»,- նշվում է հոդվածում:
Կայքը նաև մեջբերում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու խոսքերը, ով կազմակերպության կայքում հրապարակված հայտարարությունում նշել էր, որ գրավված Քեսաբում հայերի թալանված տների լուսանկարները ցավոտ հիշողություններ են արթնացնում ամերիկահայերի մոտ' Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին հայերի ցեղասպանության մասին: