Իջևանի հիվանդանոցում նախնական բժշկական զննություն անցնելուց հետո ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձված Արսեն Խոջոյանը տեղափոխվում է Երևան: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ բուժումը Խոջոյանը կշարունակի Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Հովհաննիսյանը դժվարացավ որևէ գնահատական տալ Խոջոյանի առողջական վիճակին' հավելելով, որ բժիշկները վերջնական զննություն չեն կատարել:
Մարտի 7-ին 12:30-ի սահմաններում Թովուզում տեղաբնակները գերեվարել են խիտ ամպամածության պատճառով մոլորվելով հայ-ադրբեջանական սահմանը հատած Տավուշի շրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա հովիվ Արսեն Խոջոյանին: Գերեվարված հայ երիտասարդին բնակիչներն անմիջապես հանձնել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին: Արսեն Խոջոյանը ադրբեջանական գերությունից մարտի 4-ին վերադարձված և այնտեղ խոշտանգումների ենթարկված Հայաստանի 77-ամյա քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է: Ապրիլի 10-ին Արսեն Խոջոյոնը հայրենիք է վերադարձվել: