Կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը, իր ընտանիքի և ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» խմբից հայտնի Արտակ Գասպարյանի հետ միասին նախաձեռնել են սոցիալական ծրագիր և սոցիալապես անապահով քաղաքացիներին մեկ տարի շարունակ՝ ամեն շաբաթ և կիրակի օրերին կապահովեն սննդամթերքով:

 

Ծրագիրը գործում է տարեսկզբից՝ Քանաքեռում և Հույսի Ավանում: Ծրագրում ընդգրկված են ամենախոցելի վիճակում գտնվող ընտանիքները:

 

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան, ով նաև Հայկ Մարությանի ընտանիքի լավագույն բարեկամն է, ծանոթանալով Հայկի ծրագրին, նախաձեռնությանը նվիրել է ավտոմեքենա, որպեսզի քաղաքացիներին սնունդ հասցնելը դառնա ավելի հարմարավետ:

 

 

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը Լուրեր.com-ի հետ զրույցում, ողջունելով Հայկ Մարությանի ծրագիրը, նշեց, որ ուրախ է, որովհետև կարողացել է աջակցել և իր մասնակցությունն ունենալ այս նախագծում:

 

«Ես հույս ունեմ, որ մեր աջակցությունն այս նախաձեռնությանը կլինի շարունակական, և մեզ կմիանան նաև այլ կազմակերպություններ: Այսօր, նախագծի հետ համագործակցության շրջանակում, «Karloff» չեխական ռեստորանը տրամադրել է սնունդ, ու կցանկանայի, որ այլ ռեստորաններ և սննդի ցանցեր ևս միանային այս նախագծին: Կարծում եմ' սա նրանց համար պատվաբեր կլիներ»,- ասաց Պետր Միկիսկան:

 

 

Լուրեր.com-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց Չեխիայի դեսպանին աջակցության համար:

 

Հայկը նշեց, որ այսօր հայտարարված է «Չեխիայի օր», և քաղաքացիներին տրամադրելու են չեխական խոհանոցի ուտեստներ:

 

Վերջինս, անդրադառնալով նաև քաղաքացիների արձագանքին, նշեց. «Մարդիկ հուզվում են, որ օգնություն են ստանում մի տեղից, որտեղից չէին էլ սպասում: Նրանք հուզվում են, իրենց հուզմունքից մենք ավելի ենք հուզվում: Շատ դրական լիցքեր ենք ստանում: Երբեմն թվում է, թե անում ենք մի բան ուրիշների համար, բայց այդ ամենից այնքան դրական լիցքեր ենք ստանում, ստացվում է' անում ենք դա մեզ համար»:

 

Կարգին Հայկոյի նախաձեռնությանը, Չեխայի դեսպանի, չեխ շեֆ խոհարար Ռոման Մեխելի և ծրագրի մասին մարդկանց արձագանքները կարող եք դիտել Լուրեր.com-ի պատրաստած տեսանյութում: