ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը գտնում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո կարելի է ենթադրել, որ վերջինս այլևս երբեք չի լինի Նախագահ և վարչապետ՝ ելնելով սահմանադրական բարեփոխումների ծրագրի իրագործումից:

 

«Եթե որևէ քաղաքական ուժ դրանում կասկած ունի, ապա կարող է առաջարկել, որ սահմանադրական փոփոխությունների անցումային փուլում փաստաթղթում լրացում կատարվի, որտեղ հստակ կնշվի, որ գործող Նախագահն իրավունք չունի առաջիկա ընտրություններում առաջադրվել պատգամավորի թեկնածու կամ վարչապետի ու Նախագահի պաշտոնում»,-ասաց նա:

 

Վերջինս Նախագահի կողմից արված կարևոր քայլ համարեց սահմանադրական բարեփոխումների ծրագիրը: «Ես դա դիտարկում եմ ժողովրդավարական համակարգերի զարգացման տեսանկյունից»,-ասաց նա՝ չցանկանալով գնահատական տալ՝ դա ետընթա՞ց, թե՞ առաջընթաց քայլ է իշխանության կողմից:

 

Ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգին, Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ միանշանակ՝ դա է ճիշտը, և դրան անցնելու կարիքը կա: «Որպես 24 տարի այս գաղափարի կողմնակից քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ ես կարծում եմ, որ մենք օր առաջ պետք է կառավարման խորհրդարանական համակարգի անցնենք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք կարող են բանավիճել հակառակը մտածող քաղաքական ուժերի հետ: