Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է լուծել այն խնդիրները, որոնք ծանրացած են հանրության առջև: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հաշվի առնելով նրա կարողությունները, անցած քաղաքական ուղին՝ նա կարող է իրականացնել իր առջև դրված առաջադրանքները և լուծում տալ հանրության առջև ծառացած խնդիրներին»,-ասաց նա:

 

Շարմազանովն ընդգծեց, որ կառավարությունը պետք է շարունակի բարեփոխումների իրականացման քաղաքականություն: «Մենք չպետք է գնանք կառավարությանը քննադատելու ճանապարհով, այլ պետք է շարունակենք նախկին կառավարության ձեռքբերումները: Պետք է ապահովենք կրթական, մաքսային, հարկային ոլորտներում բարեփոխումների շարունակականությունը»,- ասաց նա:

 

Հայաստանի Հանրապետության համար կարևոր օրակարգային հարց է Մաքսային միության անդամակցությունը: Շարմազանովը հիշեցրեց, որ կա շուրջ 60 օրենսդրական նախաձեռնություն, որոնք պետք է վավերացվեն Ազգային ժողովում: «Ձևավորվելիք կառավարությունը պետք է ավարտին հասցնի նախորդ կառավարության իրականացրած գործառույթները: Մենք ևս մեկ անգամ վերահաստատել ենք այն դիրքորոշումը, որ պետական բյուջեն անձեռնմխելի է, և որևէ կոռուպցիայի դրսևորում չի հանդուրժվելու»,- նշեց նա: