ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ապրիլի 10-ին հրապարակեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը։ Հայեցակարգում ներկայացված են այն փոփոխությունների առաջարկներն ու հիմնավորումները, որոնք կդրվեն հանրային քննարկումների։ Նախագծով առաջարկված փոփոխությունների և սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանի հետ։


- Պարոն Այվազյան, արդեն իսկ հանրությանը ներկայացվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որն առաջարկում է մի շարք փոփոխություններ ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ Սահմանադրության մի շարք դրույթներում։ Ինչպե՞ս կբնութագրեիք բարեփոխումների այս նախագիծը և որո՞նք են դրա հատկանշական փոփոխությունները։

 

- Ցանկացած սահմանադրական փոփոխություն նախ և առաջ պետք է ուղղված լինի հասարակության մեջ հավասարակշռություն ու ներդաշնակություն ապահովելուն։ Որպեսզի բարեփոխումները էական լինեն, դրանք պետք է դրվագային բնույթ չկրեն, այլ լինեն համակարգային։ Այս տեսանկյունից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգի նախագիծը համակարգային բնույթ կրելու կամ չկրելու մասին խոսելը դեռ վաղ է։ Որպեսզի հայեցակարգը լինի ամբողջական, նախ և առաջ պետք է տա այն հարցի պատասխանը, թե որն է մեր հասարակության Ö ‡ պետականության մոդելը՝ հաշվի առնելով մեր ֆենոտիպն ու գենոտիպը։ Սահմանադրությունը պետք է հստակորեն սահմանի՝ ով է հայ մարդը։ Եվ միայն հաշվի առնելով հասարակության ու պետականության այդ մոդելը՝ պետք է որոշվի պետական կառավարման ձևը։ Առանց հասարակության և պետականության մոդելի սահմանումը տալու հնարավոր չէ պետական կառավարման ձևը որոշել։ Այդ դեպքում այն կունենա զուտ տեխնիկական բնույթ։


- Այսինքն' նախագծի մեջ բերված հիմնավորումներում չկա՞ այդ հարցի պատասխանը։

 

- Հանձնաժողովի շատ անդամներ իրենց հիմնավորումներում հիմնականում բերում են այս կամ այն երկրի օրինակը կամ փորձը։ Դա չի կարելի հիմք համարել, որովհետև մենք հայկական պետականություն ենք և ունենք մեր առանձնահատկությունները։ Սահմանադրությունը ոչ թե պետք է ներկայացնի այլ երկրների փորձը, այլ պետք է համապաստախան լինի մեր ազգային բույթին։ Օրինակ, դիտարկենք միասեռականների ամուսնության իրավունքը։ Դա եվրոպացիները հիմնավորում են որպես ժողովրդավարության ձեռքբերում և մարդու ազատություն։ Սակայն եթե մենք դիտարկում ենք բնա կան իրավունքի տեսանկյունից, ապա միասեռականների ամուսնությունը կարող է համարվել հասարակության մեծամասնությանն ուղղված հարկադրանք՝ հանդուրժելու նման իրավունքը։ Դա չի նշանակում, որ պետք է ոչնչացնել համասեռամոլներին, այստեղ խոսքը ընտանիք կազմելու իրավունքի մասին է։ Ընտանիքը համամարդկային արժեք է, իսկ սահմանադրությունը խարսխվում է համամարդկային արժեքների վրա։


- Կարելի՞ է, արդյոք, Ձեր խոսքից ենթադրել, որ Սահմանադրությունը պետք է կրի ազգային բնույթ։ Ինչպե՞ս եք պատկերացնում ազգայինի ներկայացումը Սահմանադրության մեջ։

 

- Սահամանադրության մեջ ազգային մոդելի ներառման համար անհրաժեշտ է խոր գիտական և իրավական մոտեցում։ Նախ մենք պետք է հասկանանք սահմանադրության ֆենոմենը։ Այն ունի պետության և մարդու հարաբերությունները կարգավորող գործառույթ։ Սակայն Սահմանադրությունը նախ և առաջ նրա համար է, որ ապահովի օբյեկտիվ բնական օրինաչափությունները։ Օրինակ, հասարակությանը բնորոշ է դժգոհելու կատեգորիան։ Սակայն սահմանադրության մեջ չենք տեսնում դժգոհության իրավունքի ամրագրումը։ Եվ եթե հասարակության մեջ նկատվում է դժգոհություն, այն որակվում է որպես հասարակական կարգի խախտում, զանգվածային անկարգություն և այլն։ Սակայն չէ՞ որ այդ դժգոհությունը կարող է օբյեկտիվ հիմքեր ունենալ։ Մինչդեռ դրա իրավական ամրագրման շնորհիվ հնարավոր կլիներ զանազանել օբյեկտիվ դժգոհությունը սուբյեկտիվից և տալ համարժեք իրավական գնահատական: Քանի որ սահմանադրաիրավական համակարգը այն չի կարգավորում, դժգոհության կատեգորիան դրսևորվում է որպես հակասահմանադրական երևույթ։ Մինչդեռ Սահմանադրությունից պետք է դուրս չմնա հասարակական կյանքի որևէ վարքագծային դրսևորում։ Իսկ դրա իրագործումը պահանջում է խորը գ իտական ունակություն։


- Ձեր ներկայացրած մոդելով՝ Սահմանադրության մեջ պետք է ընդլայնվի մարդու դերը, այդպե՞ս է։

 

-Այո՛։ Մարդու դերը միանշանակ պետք է ուժեղացվի։ Սահամանդրության նախագծի ներկայացումից հետո ասվեց, որ այն պետք է հանրային քննարկումների փուլ անցնի։ Կարծում եմ, այդ ժամանակը պետք է ծախսվի մարդկանց սահմանադրության, հասարակության, իրավունքի և պետության մասին նվազագույն գիտելիքներ տալու համար։ Նրանք պետք է հասկանան սահմանադրության օբյեկտներն ու սուբյեկտները, դրանց կարևորությունը։ Միայն այդ դեպքում հանրային քննարկումները չեն վերածվի վերլուծական քաոսի, անտեղի շահարկումների և խառնաշփոթի։ Մյուս կողմից, Սահմանադրութ յունը պետք է չգրվի կամ քննարկվի՝ հաշվի առնելով միայն սուբյեկտիվ կարծիքները։ Այն պետք է հիմնվի միայն օբյեկտիվ ճշմարտության վրա։ Եթե Սահմանադրությունը հիմնվեց կարծիքների վրա, որոնք որպես կանոն ունեն սուբյեկտիվ բնույթ, ապա չի կարողանա լուծումներ տալ հասարակությանը հուզող բոլոր հարցերին։ Սահմանադրությունը չի կարող լինել քաղաքական ուժերի համար փոխզիջման առարկա, այդ դեպքում այն ձեռք է բերում քաղաքացիաիրավական համաձայնության արդյունքում ստեղծված փաստաթղթի կարգավիճակ, որը վիճարկելի կդառնա այն ժամանակ, եթե հակասի կողմերից մեկի շահերին։ Եթե այդ իրողությունը թույլ տանք, դա մեր պետությունը կտանի քարե դար։


- Հանրային քննարկումների փուլում ինչպիսի՞ն պետք է լինի հասարակության դերը։ Ինչպե՞ս այն պետք է ինտեգրվի այդ քննարկումներին։

 

- Հանրային քննարկումների համար հանրությանը պետք է առավելագույնս պատրաստել։ Դրան նախ պետք է պատրաստ լինեն լրատվամիջոցները, որովհետև առաջնահերթ նրանք են հանրությանը իրազեկում։ Քանի որ մեզ մոտ Սահամանդրության ընդունման և փոփոխություններ կատարելու կարգը ենթադրում է հանրաքվեի անցկացում, հանրությունը դատապարտված է գոնե նվազագույն կերպով տիրապետելու այդ փոփոխություններին։ Սակայն տեղեկացվածությունը պետք է չլինի կենցաղային դատողությունների մակարդակով, այլ պետք է ունենա բովանդակային բնույթ։ Իսկ իշխանությունների խնդիրը պետք է լինի այն, որ հանրությանը հանրամատչելի կերով ներկայացնեն այդ փոփոխությունները։


- Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով նախատեսվում է պետության կառավարման համակարգի փոփոխություն։ Ներկա պահին որքանո՞վ է արդարացված նման փոփոխության անհրաժեշտությունը։

 

- ՀՀ նախագահը, հայտնելով իր դիրքորոշումը այդ մասին, ասել էր, որ կողմ է գործող համակարգին։ Ես կիսում եմ այդ տեսակետը։ Կառավարման համակարգը փոխելու համար նախ և առաջ գործող կառավարման համակարգը պետք է ենթարկվի իրավական աուդիտի, և վեր հանվեն այն բոլոր թերությունները, որոնք խանգարում են այս համակարգի զարգացմանը։ Որքանո՞վ է հիմնավորված այն, որ կառավարման համակարգի փոփոխությունից հետո նույն խնդիրները չեն մնա։ Մենք պետք է իմանանք, թե այս համակարգում կոնկրետ ո՞ր տարրը չի արդարացնում իրեն և ենթակա է փոփոխության, և դա նույնպես պետք է չկրի սյուբեկտիվ կարծիքի բնույթ։


- Եթե ամեն դեպքում Սահմանադրական փոփոխությունների փաթեթը չարժանանա հասարակության հավանությանը, 2005 թվականի Սահմանադրությունը որքանո՞վ է կիրառելի։

 

- Միայն Սահմանադրության մեջ այս կամ այն դրույթը փոխելով' չի կարելի ակնկալել սահմանադրական փոփոխություն։ Որպեսզի Սահմանադրությունը աշխատի, հանրության համար անհրաժեշտ է ձևավորել սահմանադրականության տարածք։ Դա նշանակում է, որ պետք է լինի համապատասխան միջավայր, որտեղ կյանքի կկոչվեն Սահմանադրության դրույթները։ Դա նախ և առաջ քաղաքացիական հասարակության ձևավորումն է։ Մեզ մոտ իշխանությունը դա թողել է ինքնաձևավորման։ Քաղաքացիական հասարակությունը պետության և քաղաքականության վերաբերյալ նվազագույն գիտելիքներ ունեցող հասարակություն պետք է լինի։ Եթե չձևավորվի այդպիսի հասարակություն, Սահմանադրության ոչ մի փոփոխություն իմաստ չի ունենա։ Եթե, օրինակ, քաղաքացին չգիտի' ինչ է սահմանադրության մեջ ամրագրված արժանապատվությունը, ընտանիքը, պետությունը, ապա ինչպե՞ս պետք է կիրառվի Սահամանդրությունը։

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Ավետիսյանի