ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' «Օրինաց երկիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ քաղաքական ուժին առաջարկվել է նախարարական երեք պորտֆել նոր ձևավորվելիք կառավարության կազմում: Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը' ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «ՕԵԿ-ը դառնում է ընդդիմությո՞ւն» վերտառությամբ հոդվածի:

 

«Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' «Օրինաց երկիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ, որպես հանդիպմանը մասնակից կարող եմ ասել, որ կուսակցությանը առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձևավորվող կառավարության կազմում, այսինքն ինչ-որ նախարարական պորտֆել պահպանել-չպահպանելու որևիցե խնդիր գոյություն չունի և հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: «Օրինաց երկիր» կուսակցության' նոր կոալիցիային մաս կազմելու, կամ չմիանալու պատճառները պայմանավորված չեն որևէ նախարարական պորտֆելով, այլ դրանք կարող են լինել բացառապես քաղաքական, որոնք այսօր կքննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդի նիստում և կկայացվի համապատասխան որոշում»,-նշել է պատգամավորը:

 

«Օրինաց երկիր» կուսակցությունը ծրագրել է քաղխորհրդի նիստից հետո ժամը 20:00-ին լրատվամիջոցների համար հանդես գալ հայտարարությամբ:

 

«Օրինաց երկիր»-ը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ 2013թ. կոալիցիոն կառավարություն է ձեւավորել' Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: 2014թ. ապրիլի 3-ին, սակայն, Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, իսկ ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը, ով Ազգային ժողովի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում: Իշխող կուսակցությունը չի բացառել կոալիցիոն նոր կառավարության ձեւավորումը նաեւ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներգրավմամբ: Սահմանադրության համաձայն' կառավարությունը կձեւավորվի վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում: