Ցեղասպանության մասին' ականատեսների, պատմաբանների, ցեղասպանագետների ու մեր աչքերով. PAN Photo գործակալությունն ու U!com-ը համատեղ հրատարակել են «99» գիրքը:

 

«…մենք ստիպված ենք այսօր կարդալ որոշ բաներ այն ամենից, ինչ իրենց մաշկի վրա են զգացել ցեղասպանության զոհերը: Մենք ստիպված ենք գոնե այդպես ապրումակից լինել նրանց: Մենք ստիպված ենք գոնե մեր լուռ ընթերցմամբ ընկերակցել նրանց, ովքեր միայնակ ու լքված են եղել դեպի ստույգ մահ տանող իրենց ճանապարհին: Սա պետք չէ նրանց: Սա պետք է մեզ…»,- գրված է «99»-ի նախաբանում:
«99»-ը պատասխան է տասնյակ հարցերի. քանի՞ փուլով և ինչպե՞ս է կազմակերպվել Հայոց Ցեղասպանությունը, ինչպե՞ս պայքարել թուրքական ժխտողականության դեմ, ինչպե՞ս հասնել Ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, իրականում ի՞նչ նկատի ունենք ճանաչում ու փոխհատուցում ասելով, ի՞նչ կլինի 100-ամյակից հետո. մի՞թե այլևս անհնար կլինի հասնել արդարության վերականգնմանը, թե դա ընդամենը միֆ է, ի՞նչ են հիշում Ցեղասպանություն վերապրածները, ի՞նչ է զգում նրանց ժառանգն այսօր Արևմտյան Հայաստան այցելելիս և շատ ավելին: Ներկայացվող գրքում մեկտեղված են փաստերը, թվերը, ականատեսների ու ցեղասպանագետների վկայությունները, մինչև օրս թեմայով նկարահանված ֆիլմերի ու գրված գրքերի անուններն ու նկարագրությունները և ոչ միայն:

 

 

«99», քանի որ Ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար կարիք չկա սպասել հերթական «կլոր թվին». բարձրաձայնել պետք է միշտ' երեկ, այսօր և անգամ 100 տարի անց, և դա անել գիտակցված, տեղեկացված ու հիմնավորված փաստերով ու փաստարկներով:
«99»-ը նախատեսված չէ վաճառքի համար: Գիրքն անվճար կտրամադրվի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, կրթական ու մշակութային հաստատություններին:

 

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 17-ին' ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը: Մուտքն ազատ է: