Հարևանուհու պատուհանի տակ մի քանի ծաղկաման տեղադրելը երկու ընտանիքների համար գժտության առիթ է դարձել: Սեփական բնակարաններում դրանց համար հարմար տեղ չգտնելով' վաղեմի հարևանները հայտնվել են դատարանում:
Ծաղկամաններով միմյանց վնասելու պատճառով երիտասարդ աղջկա դեմ հարուցված քրեական գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում' Մ. Պապոյանի նախագահությամբ:
25-ամյա Հերմինե Մովսեսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Բանն այն է, որ Հերմինեն տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իբր ծաղկամանով հարվածել է հարևանուհու' Նինա Մովսեսյանի գլխին, և առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս:
Դատաքննության ընթացքում, սակայն, ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և պատմել է, որ 2012թ-ի ապրիլի 15-ին, ժամը 14:00-ի սահմաններում, բակից լսել է մոր' Օֆելյա Խաչատրյանի և հարևանուհու' Նինա Մովսեսյանի ձայները, որի պատճառով դուրս է եկել տանից և մորը հորդորել է տուն մտնել: Հերմինեն հավելել է, որ իր մայրիկի և հարևանուհու միջև տան ետնամասում գտնվող հողամասի պատճառով հաճախ է վիճաբանություն եղել: Աղջիկը մտածել է, որ մայրը ներս կմտնի, ուստի այլևս ուշադրություն չի դարձրել վիճաբանությանը և տուն է մտել: Սակայն կրկին ձայներ է լսել, դուրս է եկել և տեսել, որ ծաղկամաններից մեկն ընկած է պատի տակ, իսկ մյուսը' Նինայի ձեռքին է: Հերմինեն նկատել է, որ հարևանուհին ցանկանում է դրանով հարվածել իր մորը, կանգնել է նրանց արանքում և հարվածի պահին ձեռքերով ետ է հրել ծաղկամանը, որը պատահական ընկել է Նինայի գլխին:
Մեղադրյալը նախաքննական ցուցմունքը գրել է նախաքննական մարմնի թելադրանքով.
Երիտասարդ աղջիկը պնդում է, որ ինքն այդչափ բարկացած չի եղել, որպեսզի ցանկություն ունենար վնասել հարևանուհուն: Դրանից հետո Նինան ապտակել է Հերմինեին, այնուհետև կանայք քաշքշել են միմյանց, որի ժամանակ Նինան բջջային հեռախոսով հարվածել է Օֆելյայի դեմքին: Նրանք շատ նյարդայնացած վիճակում են եղել, սակայն Հերմինեին հաջողվել է նրանց բաժանել և մորը մեծ դժվարությամբ տուն տանել:
Մեղադրյալը դատարանում պատմել է, որ տուն մտնելուց անմիջապես հետո զանգահարել է շտապօգնություն: Երբ բժիշկները եկել են, Նինա Մովսեսյանը պատուհանից ասել է. «շատ լավ, այնքան եմ անելու, որ մայրդ ու տատդ սատկեն»: Աղջիկը վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքը գրել է քննչական բաժնի պետի տեղակալի թելադրանքով: Նա գրել էր, որ բարկացած վիճակում մոտեցել է հարևանուհուն, կանգնել նրա և իր մոր միջնամասում, ձեռքերը վեր պարզելով' բռնել է ծաղկամանն ու, թեև կարող էր այն խլելով վերցնել և մի կողմ դնել, սակայն ջղայնացած վիճակում հրել է Նինայի վրա, որի հետևանքով այն կպել է տիկնոջ գլխին, հողն էլ լցվել է ականջի մեջ: Հերմինե Մովսեսյանը դատարանում զղջացել է կատարվածի համար և խոստովանել, որ գործել է պահի ազդեցության տակ:
Տուժող Նինա Մովսեսյանը դատաքննության ընթացքում տված ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալի ընտանիքն իր տան պատուհանի տակ մի սեղան է դրել' վրան ծաղիկներ և ոչ պիտանի այլ իրեր: Ինքն Օֆելյային հարցրել է, թե ինչու է այդ սեղանն իր տան պատուհանի տակ դրել, նա էլ պատասխանել է, թե լավ է արել: Դրանից հետո ինքը սեղանի վրայից վերցրել է մեկ ծաղկաման և ցանկացել այն տեղափոխել նրանց տան պատուհանի տակ, սակայն Հերմինեն իր ձեռքից խլել է ծաղկամանն ու դրանով հարվածել իր գլխին: Այնուհետև եկել է Օֆելյան և իրեն մի կողմ հրել: Նինան վստահեցրել է, որ Հերմինեն իրեն դիտավորյալ է հարվածել, իսկ հարևանների' դատարան բերած ծաղկամաններն այն ծաղկամանները չեն, որոնցով աղջիկը հարվածել է իրեն: Նրա վստահեցմամբ' դրանք եղել են կավից, իսկ դատարան բերել են պլաստմասսե ծաղկամաններ:
Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել դեպքի վայրի զննության և փորձագիտական եզրակացությունները.
Նախաքննական մարմինը դեպքի վայրի զննություն է անցկացրել և պարզել, որ տուժող Նինա Մովսեսյանի բակը գտնվում է տան ետնամասում, որտեղ առկա են մրգատու ծառեր և այգի: Հյուսիսային կողմում կա երկաթյա աստիճանահարթակ, բետոնե պատ, աստիճանահարթակի և բետոնե պատի մեջտեղում' փայտյա աթոռ և պահարան, որի վրա կան ծաղկամաններ, իսկ դրանից մոտ 50սմ հեռավորության վրա գտնվում է մեկ աստիճան, որտեղ էլ ամբաստանյալը ծաղկամանով հարվածել է Նինա Մովսեսյանի գլխին: Նշված աստիճանահարթակից թե հյուսիս և թե արևելք գտնվում են տան պատուհաններ, որոնցից հյուսիսային պատուհանը և դուռը Հերմինեի տան պատուհանն է, իսկ արևելյան կողմում գտնվող պատուհանները' Նինա Մովսեսյանինը:
Փորձագետի եզրակացության համաձայն' տուժողի ստացած մարմնական վնասվածքները հասցվել են բութ-կոշտ առարկայով, այսինքն դա կարող է լինել ինչպես պլաստմասսայից, այնպես էլ' կավից ծաղկամանով: Գործի քննության համար դատարանը կարևորել է ոչ միայն փորձագետների եզրակացություններն, այլ նաև ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ ռեկտորի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի, թիվ 26 տեղամասի լիազոր ներկայացուցչի, ինչպես նաև «Հայկական Կարմիր խաչ» ընկերության գլխավոր քարտուղարի կողմից տրված բնութագրերը, համաձայն որոնց Հերմինե Մովսեսյանը բնութագրվել է դրականորեն:
Դատարանը որոշում կայացնելիս ուշադրություն է դարձրել նաև տուժողի, ամբաստանյալի և վկայի ցուցմունքներում նկատելի անհամաձայնությունների վրա: Պարզվում է, որ վիճաբանության ընթացքում Հերմինեի և Նինայի գործողությունների վերաբերյալ առկա են երկու իրարամերժ տվյալներ: Նինա Մովսեսյանը վերցրել է ծաղկամանը և ցանկացել այն տեղափոխել, իսկ Հերմինե Մովսեսյանը նրա ձեռքից վերցրել է այն ու դրանով հարվածել տիկնոջ գլխին: Ընդ որում' նման բան պնդել է տուժող Նինա Մովսեսյանը: Վկա Օֆելյա Խաչատրյանն էլ ասել է, որ տուժողը վերցրել է ծաղկամաններից մեկը և նետել Օֆելյա Խաչատրյանի ուղղությամբ, սակայն վերջինս խույս է տվել դրանից, որը դիպել է պատին և կոտրվել: Դրանից հետո Նինա Մովսեսյանը վերցրել է մեկ այլ ծաղկաման և կրկին ցանկացել նետել հարևանուհու ուղղությամբ, որի ժամանակ ամբաստանյալը հրել է այն' արդյունքում գցելով տիկնոջ գլխին: Սակայն այս քրեական գործով ձեռք բերված ապացույցները դատարանին խանգարել են հաստատել այս երկու իրարամերժ տվյալներից որևէ մեկը: Նույնիսկ սպառվել են այդ կապակցությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:
Առաջին ատյանի դատարանը հաստատել է, որ միջադեպի նախահարձակը եղել է տուժողը.
Այսպիսով, առաջին ատյանի դատարանը գտել է, որ նշված երկու իրարամերժ տվյալների առկայության պայմաններում կա չփարատված կասկած' վիճաբանության ընթացքում Հերմինեի և Նինայի գործողությունների վերաբերյալ: Դատարանը սա մեկնաբանել է հօգուտ ամբաստանյալ Հերմինե Մովսեսյանի, այսինքն հաստատում է, որ 2012թ-ի ապրիլի 15-ին' ժամը 14:00-ի սահմաններում, Նինա Մովսեսյանը և Օֆելյա Խաչատրյանը պատուհանի տակ դրած ծաղկամանների պատճառով վիճաբանել են, որի ժամանակ տուժողը դրանցից մեկը վերցրել է իր ձեռքը: Այդ ժամանակ Օֆելյա Խաչատրյանի դուստրը մոտեցել մորն ու հարևանուհուն: Աղջկա գործողությունների արդյունքում էլ ծաղկամանը դիպել է Նինա Մովսեսյանի գլխին և վերջինի առողջությանը պատճառել թեթև վնաս' առողջության կարճատև քայքայումով:
Դատարանը գտել է, որ վիճաբանության ընթացքում Հերմինե և Նինա Մովսեսյանների գործողությունների կապակցությամբ սույն դատավճռի հիմքում պետք է դրվի այն, որ Նինա Մովսեսյանը վերցրել է ծաղկամաններից մեկը և նետել Օֆելյա Խաչատրյանի ուղղությամբ, սակայն Օֆելյա Խաչատրյանը խույս է տվել դրանից, որը դիպել է պատին և կոտրվել: Դրանից հետո Նինա Մովսեսյանը վերցրել է մեկ այլ ծաղկաման և կրկին ցանկացել այն նետել Օֆելյա Խաչատրյանի ուղղությամբ, որի ժամանակ մեղադրյալը հրել է տուժողի ձեռքին եղած ծաղկամանը' արդյունքում այն գցելով նրա գլխին: Այսպիսով' դատարանն արձանագրում է, որ միջադեպի նախահարձակը եղել է տուժողը, ով ցանկացել է ծաղկամանը նետել ամբաստանյալ Հերմինե Մովսեսյանի մոր' Օֆելյա Խաչատրյանի վրա, բացի այդ' տուժողի ոտնձգությունն ամբաստանյալի մոր նկատմամբ եղել է վտանգավոր, առկա և իրական: Դատարանն արձանագրել է նաև, որ ամբաստանյալի գործողությունները միտված են եղել պաշտպանելու մոր շահերը, ինչի արդյունքում վնասվել է հարևանուհու առողջությունը:
Ելնելով վերոգրյալից' դատարանը հաստատել է, որ ամբաստանյալ Հերմինե Մովսեսյանի կողմից տուժող Նինա Մովսեսյանի առողջությանը թեթև վնաս է պատճառվել անհրաժեշտ պաշտպանության պարագայում և որ ամբաստանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ուստի գտել է, որ նրա կողմից պատճառված վնասը քրեական օրենքով համարվում է իրավաչափ: Հետևաբար' ՀՀ քր. օր-ի 117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում Հերմինե Մովսեսյանին ճանաչել է անմեղ և արդարացրել: