Ինչպես հայտնում է itar-tass-ը, Մոսկվայի Կիևից ռուսական գազի պարտքը մարելու պահանջը ոչ մի կերպ կապված չէ Ուկրաինայում ծավալվող քաղաքական գործընթացների հետ: Այս մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցի ընթքացքում:

 

Ըստ նրա' ռուսական կողմի պահանջը Ուկրաինայում նախագահական ընտրությունների հետ ոչ մի կապ չունի:

 

«Ուկրաինական «Նաֆտոգազ» պետական նավթային ընկերության պարտքը «Գազպրոմին»՝ մարտի մատակարարումները ներառյալ, գնահատվում է ավելի քան $ 2,2 մլրդ: Պարտքն աճում է, գազը սպառում են: Սակայն Ռուսաստանը այլևս չպետք է ու չի կարող միայնակ տանել Ուկրաինայի տնտեսության աջակցության բեռը՝ նրան զեղչեր տրամադրելով: Մենք Ուկրաինային գազ ենք մատակարարում ամենացածր գնով և բոլոր զեղչերով»,-ասել է Վլադիմիր Պուտինը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսատանը հայտարարել էր, որ «Գազպրոմը» կանցնի Ուկրաինա գազի մատակարարման կանխավճարային պայմանների և կդադարեցնի մատակարարումը, եթե ամբողջությամբ կամ մասնակիորեն խախտվեն վճարման պայմանները: