Հազարավոր մարդիկ Ստամբուլի Թաքսիմում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Քանի որ թուրքական իշխանություններն արգելել էին որևէ ցույց կամ երթ իրականացնել բուն հրապարակի տարածքում, հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուպատոսարանի առջև: Այս մասին տեղեկացնում է թուրքական turnusol.biz կայքը:
Հավաքված հազարավոր մարդիկ Ցեղասպանության զոհերի հիշատակին մոմեր են վառել: Նրանք հայերեն, թուրքերեն և անգլերեն «Հիշատակում ենք ցեղասպանության զոհերին» գրությամբ պաստառ են բացել, ինչպես նաև պահել են 99 տարի առաջ աքսորի ճանապարհը բռնած հայ մտավորականների, Հրանտ Դինքի ու սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի լուսանկարները: Հիշատակի արարողությանը ներկա են գտնվել Հրանտ Դինքի կինը' Ռաքել Դինքը, Սևակ Բալըքչըի մայրը և հայրը:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը մեկնարկել է 19:15-ին, և հայերեն ու թուրքերեն հայտարարություններ են արվել: Հավաքվածները խոստացել են հաջորդ տարի էլ հավաքվել հիշատակելու զոհերին և շարունակելու պայքարը:
Հիշատակի արարողություններ տեղի են ունեցել Թուրքիայի ողջ տարածքում: Տարբեր քաղաքներում' Ստամբուլում, Թունջելիում, Դիարբեքիրում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: