ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առողջապահության նախարարության աշխատակազմին ապրիլի 25-ին ներկայացրեց նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին: Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց նախորդ նախարար Դերենիկ Դումանյանին պաշտոնավարության տարիների աշխատանքի համար: «Մենք շատ ենք շփվել պարոն Դումանյանի հետ, քննարկումներ ենք կազմակերպել: Պարոն Դումանյանն առաջիկայում իր համապատասխան աշխատանքը կունենա»,- նշեց Աբրահամյանը' նորանոր հաջողություններ մաղթելով առողջապահության նախկին նախարարին: «Արմեն Մուրադյանին ճանաչում եք, նա նշանակվել է նախարարի պաշտոնում հանրապետության նախագահի հրամանագրով: Մուրադյանի հետ և ես եմ խոսել, և նախագահը և համոզված եմ փորձելու է իրականացնել իր առջև դրված խնդիրները»,- ընդգծեց վարչապետը: Նա նշեց, որ առողջապահության ոլորտում կան մեծ անելիքներ, խնդիրներ և հույս հայտնեց, որ Մուրադյանին կհաջողվի ավարտել այն աշխատանքները, որը սկսել է, բայց չի ավարտել Դերենիկ Դումանյանը:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահին, ձեզ, այս տարիների համար, ես այս տարիներին իհարկե շատ ցանկանում էի, որ առողջապահության ոլորտը լինի ամենաօրինակելին, այն աշխատանքները, որ կատարել ենք, կարծում եմ, մեր նորանշանակ նախարարը կշարունակի»,- ասաց Դումանյանը' շնորհակալություն հայտնելով նախարարության կոլեկտիվին համատեղ աշխատանքի համար: «Բազմաթիվ ծրագրերի շուրջ ենք աշխատել և նույն ոճով ու նույն ոգով կշարունակենք աշխատանքը»,- ընդգծեց Դումանյանը' մաղթելով իր պաշտոնը շարունակողին հաջողություններ: Նա նշեց, որ Մուրադյանը համակարգում նոր մարդ չէ, այլ կայացած առողջապահության ոլորտի կազմակերպիչ է և կիրականացնի իր աշխատանքը բարձր մակարդակով:
«Հարգելի վարչապետ, ներկաներ, կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին' ցուցաբերած վստահության համար: Լիովին գիտակցում են այն կարևորությունը, որ ունի կառավարության այս կառույցը, առողջապահության պահպանումը որակյալ ծառայությունների մատուցում է: Ես ուժ ու եռանդ չեմ խնայելու ամբողջ ծավալով աշխատանքս իրականացնելու համար»,- ասաց նորանշանակ նախարար Մուրադյանը:
Առողջապահության նախարարության անձնակազմին նորանշանակ նախարարին ներկայացնելուց հետո, Հովիկ Աբրահամյանը առանձնազրույց ունեցավ աշխատակազմի հետ' առանց լրագրողների ներկայության: