Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' հայերին հղած ուղերձից հետո Ադրբեջանի տարօրինակ լռությունը թույլ է տալիս մտածել, որ պաշտոնական Բաքուն նախապես տեղյակ է եղել դրա մասին: Թուրքական «Ռադիկալ» պարբերականը նշում է, որ ամենայն հավանականությամբ այս հարցի մասին Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել են վերջերս վարչապետի' Բաքու կատարած այցի ընթացքում:

 

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, թե վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձը նախքան հրապարակումը երկար ժամանակ պատրաստվել և ծրագրավորվել էր թուրքական պաշտոնական նեղ շրջանակի կողմից: Ուղերձի նախապատրաստական աշխատանքներին տևական ժամանակ մասնակցել են այդ նեղ խմբի մեջ ներառված վարչապետը, արտաքին գործերի նախարարությունն ու վարչապետի աշխատակազմը:

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին, սակայն խեղաթյուրել է Հայոց ցեղասպանության իրողությունն ու հնչեցրել ժխտողական կոչեր:

 

Ապրիլի 24-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը և ի մասնավորի ասել. «Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը' փորձելով դրանում տեսնել պատմության հետ առերեսվելու առաջին փորձը, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը' զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը,պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը»: