Թուրքիայի տարածքից զինված խմբավորումների' Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա գործած հարձակումից հետո առանց տեղեկացնելու Թուրքիայի միակ հայկական գյուղ' Վաքըֆլը տեղափոխված հայ տարեցներից մեկը մահացել է: Այս մասին տեղեկաց նում է թուրքական Demokrathaber.net-ը:
99-ամյա Լոդեր Թըրթըրյանն ապրիլի 24-ին մահացել է սրտի կաթվածից: Թըրթըրյանը Վաքըֆլը էր բերվել ապրիլի 14-ին, և նրա գալուց հետո գյուղում քեսաբահայերի թիվը հասել էր 22-ի:
Քեսաբահերի մեծ մասը ցանկանում է հեռանալ Թուրքիայից, սակայն դա անհնար է դառնում, քանի որ անձնագրերը կորել են, բացի դրանից, նրանք ունեն նյութական դժվարություններ: Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարը հայտնել է, որ տվյալ պահին քեսաբահայերից 17-ը ցանկանում են հեռանալ Լիբանան: Այս նպատակով փաստաթղթեր է պատրաստում Թուրքիայի ԱԳՆ-ն, աշխատանքներ են տարվում նաև լիբանանյան կողմի հետ: Միաժամանակ, Վաքըֆում հաստատված Քեսաբի հայերին տեղափոխելու գործում ներառված են Պոլսի Հայոց պատրիարքարանը և Լիբանանի հայ հոգևոր առաջնորդարանը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում:
Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սնունդով: Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների' Հայաստան ներգաղթին զուգահեռ այնտեղ սկսել են հաստատվել օտարազգիները։