Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայոց Մեծ Ցեղասպանության 99-րդ տարելիցն ու դրան նվիրված միջոցառումները: Ընդ որում' Հայոց Մեծ Եղեռնն արդեն ավելի ու ավելի մեծաթիվ լրատվամիջոցների կողմից է հիշատակվում «ցեղասպանություն» եզրույթով: Գերմանական հայտնի focus. de էլեկտրոնային պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության առնչությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտնի հայտարարությանն ու դրա առաջացրած իրարամերժ արձագանքներին: «Էրդողանի ցավակցությունը վիրավորանք է բոլոր հայերի համար» վերտառությամբ հոդվածում focus.de-ն անդրադառնում է Էրդողանի հայտարարությանը ու փոխանցում այն գնահատականները, համաձայն որոնց' դա «երեսպաշտական» պահվածք է նրա կողմից: Պարբերականը նախ անդրադառնում է թուրքագետ Ուդո Շտայնբախի դիտարկումներին, թե էրդողանն առաջին թուրք վարչապետն է, որն իր ցավակ ցությունն է ուղղել ոճրագործության զոհերի սերունդներին: Ընդ որում' հեղինակը թուրքագետի դիտարկումները փոխանցելիս եւս օգտագործում է «ցեղասպանություն» եզրը:
Հոդվածի հեղինակն անդրադառնում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների թնջուկին' հիշեցնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի Նախագահի' Հայաստան այցի մասին ու ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն իր հերթին խանգարել է ադրբեջանական կողմի միջամտությունը: Ապա focus.de-ն փոխանցում է Հայ ակադեմիականների միության նախագահ, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախկին ղեկավար Ազատ Օրդուխանյանի այն հայտարարությունը, որի համաձայն' Էրդողանի նման մոտեցումը «վիրավորանք է բոլոր հայերի համար&raq uo;: Ըստ այդմ' դա ավելին չէ, քան արհեստական քաղաքական քայլ: Ցեղասպանությունից վերապրածների սերունդներին Էրդողանի ցավակցությունը, Օրդուխանյանի գնահատմամբ, չափազանց երեսպաշտական քայլ է: «Մենք կարող ենք դիտարկել փաստերը, որոնք վկայում են' հայերի ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս»,- FOCUS Online-ի հետ զրույցում շեշտում է Ազատ Օրդուխանյանը' հիշեցնելով թուրքերի կողմից հայերի հանդեպ տարբեր ջարդերի մասին:
Օրերս Հայոց Ցեղասպանության փաստին անդրադարձել էր նաեւ WESTDEUTSCHE ALLGEMEINE ZEITUNG-ը' կրկին օգտագործելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, ինչը գերմանական մամուլին այնքան էլ բնորոշ չէ, քանի որ երկրի Բունդեսթագը թեեւ հատուկ բանաձեւով դատապարտել է հայկական ջարդերը, բայց դրանց այդպես էլ Հայոց «ցեղասպանություն» անվանումը չի տվել: