Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Վարչական պատասխանատվություն չկիրառելու մասին» Հ. 383-Ա որոշմամբ սահմանվել է, որ այն տրանսպորտային միջոցի (միջոցների), որոնց համար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) սեփականատիրոջ (սեփականատերերի) (վարձակալ, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաև արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Միաժամանակ, Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ այն անձինք, ովքեր առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման օտարել են իրենց տրանսպորտային միջոցը, կամ ունեն իրենց անվամբ հաշվառված, սակայն փաստացի գոյություն չունեցող տրանսպորտային միջոց, մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը կատարեն համապատասխան գործողություններ՝ տրանսպորտային միջոցի օտարումը պատշաճ ձևակերպելու կամ գոյություն չունեցող տրանսպորտային միջոցը խոտանելու համար (խոտանելու համար անհրաժեշտ է հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայացնել հաշվառման վկայագիրը, հաշվառման համարանիշերը և գույքահարկի գծով պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք):

 

Ճանապարհային ոստիկանությունը պատրաստակամ է տրամադրել տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն վարչական պատասխանատվության հիմքերի վերացման վերաբերյալ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման ընթացակարգերի վերաբերյալ:
Տեղեկատու հեռախոս՝ +374 (10) 56-45-88: