Հայաստանում ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքները կկարողանան օգտվել բնակարանների վերանորոգման համար նախատեսված նոր վարկատեսակից։ Ֆրանսիական զարգացման գործակալությունը Ազգային հիփոթեքային ընկերության հետ Հայաստանում սկսեց բնակարանային էներգաարդյունավետության բարձրացման և միկրովարկերի ֆինանսավորման ծրագիրը, որով նախատեսվում է շուրջ 10 մլն եվրոյին համարժեք վարկ տրամադրել մոտ 3000 ընտանիքների։ Ինչպես լր ագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ազգային հիփոթեքային ընկերության տնօրեն Մհեր Եդիգարյանը՝ վարկատեսակները երկուսն են։ «Առաջին վարկատեսակը մինչև 2,5 մլն դրամին համարժեք միկրովարկերն են՝ առանց գրավադրման։ Այս վարկատեսակով, եթե վարկառուն իր ստացած վարկային միջոցների 50 տոկոսից ավելին ծախսում է բնակարանի էնեգոարդյունավետության բարձրացման համար, ապա վարկի 10 տոկոսի չափով փոխհատուցում է ստանում Եվրամիությունից, որն ուղղվելու է վարկի մարմանը։ Մյուս վարկատեսակն ուղղված է հենց էներգոարդյունավետության բարձրացմանը և ենթադրում է մինչ և 5,5 մլն դրամ վարկավորում։ Այս վարկատեսակը պետք է օգտագործվի միայն էներգոարդյունավետության բարձրացման համար, իսկ վարկառուները Եվրամիության կողմից կֆինանսավորվեն 5 տոկոսի չափով։ Վարկերը կտրամադրվեն 5-10 տարի ժամկետով, մինչև 2 տարի մարման արտոնյալ ժամանակաշրջանով»,- ասաց Եդիգարյանը։

 

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը ուրախությամբ նշեց, որ Հայաստանում հիփոթեքային շուկան սկսել է ակտիվանալ, ինչի մասին են վկայում թվերը։ «Կենտրոնական բանկը մշտապես կարևորել է հիփոթեքային շուկայի զարգացումը, քանի որ այն համարվում է ֆինանսական շուկայի զարգացման գրավական։ Հիփոթեքային վարկավորման ծավալը վերջին տարիներին էականորեն ավելացել է։ 2013 թվականի վերջում մենք ունեինք շուրջ 160 մլրդ դրամի պորտֆել, իսկ քանակական առումով դա շուրջ 15 հազար վարկ է։ Իսկ խոսելով այս ծրագրի մասին' պետք է նշեմ այն կարևոր փաստը, որ այն նա և էներգախնայողության նպատակով է, որը շատ կարևոր է»,- ասաց նա։

 

Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչ Զառա Չատինյանի խոսքով՝ սա վարկավորման երրորդ փուլն է, ինչը վկայում է դրա պահանջարկի մասին։ «Քանի որ մեր առաջին, երկրորդ և երրորդ փուլի վարկերը արագ սպառվում են, ենթադրում եմ, որ տնտեսական աճ է տեղի ունեցել, որովհետև եթե վարկերը չեն սպառվում, ուրեմն խնդիր կա։ Այս վարկը արագ և էֆֆեկտիվ կերպով է օգտագործվում, սակայն դեռ չեմ կարող ասել' կլինի վարկավորման չորրորդ փուլը, թե ոչ»,- նշեց Չատինյանը։

 

Վարկերը տրամադրվելու են ԱՀԸ գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից' 5-10 տարի ժամկետով, մինչև 2 տարի մարման արտոնյալ ժամանակաշրջանով և լինելու են 2 տեսակ՝ վարկեր ուղղված բնակարանների վերանորոգմանը և էներգաարդյունավերության բարձրացմանը' մինչև 5,5 մլն ՀՀ դրամ, և բնակարանային բարելավման միկրովարկեր՝ մինչև 2,5 մլն ՀՀ դրամ: Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն ինչպես ԱՀԸ-ին, այնպես և ծրագրին մասնակցող բանկերին և վարկային կազմակերպություններին: