Երեկ Ազգային ժողովում փակ քվեարկության արդյունքում ԱԺ նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Գալուստ Սահակյանը հավաքել է 101 ձայն, Հրանտ Բագրատյանը՝ 3 ձայն: Քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
ՀՅԴ-ն ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» քվեարկության չեն մասնակցել: ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց պատգամավորներին ազատ են թողել ԱԺ նախագահի ընտրության հարցում:
Քվեարկությունից հետո, մի շարք ԲՀԿ-ական պատգամավորներ հայտարարեցին, որ քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին:
Լուրեր.com-ը «այլընտրանքային» ԲՀԿ-ի քվեարկության և արդարացումների վերաբերյալ զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:
«Ես դեռ երեկ էի ասել, որ քվեարկությունից հետո սկսվելու են արդարացումները' քվեաթերթիկներ նկարելուց մինչև «պապայի արև»:
Կարծում եմ' ես չպետք է ասեմ նման քաղաքական ուժին, որ կարելի էր որոշում ընդունել և ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» նման չմասնակցել ընտրություններին, որ հիմա կարիք չլիներ արդարանալու:
Ինչո՞ւ էին մասնակցում, որ այսօր պիտի արդարանային կամ Բագրատյանին ձայն տային, առավել ևս, երբ քառյակի գործընկեր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը խնդրել էր ԲՀԿ-ին, որ Բագրատյանին ձայն չտային: Այս դեպքում, իրենք Զուրաբյանին ո՞նց են բացատրելու, որ քվեարկել են Բագրատյանի օգտին»,- ասաց Քոչարյանը:
Իսկ թե հասարակության մոտ քառյակը, ԲՀԿ-ն որքանո՞վ կկորցնի իր վստահությունը, Կարեն Քոչարյանն ասաց. «Ժամանակը ցույց կտա»: