Lurer.com-ի տեղեկություններով' Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:
Նշենք, որ Հովհաննես Մանուկյանը ոլորտի առաջատար և լավագույն մասնագետներից մեկն է: Նորանշանակ նախարարը ՀՀ արդարադատության համակարգի հնաբնակներից է, իսկ 2011 թվականի փետրվարից զբաղված է դիվանագիտական աշխատանքով: Բոլոր ոլորտներում, որտեղ աշխատել է պարոն Մանուկյանը' ունեցել է բարձր հեղինակություն. այն բացառիկ մասնագետներից է, որի կարիքը մշտապես զգացվել է արդարադատության համակարգում: Այս տեսանկյունից Արդարադատության նորանշանակ նախարարը ընդունելի թեկնածու է հասարակության լայն շերտերի համար, որովհետև համարվում է պրոֆեսիոնալ և տարաբնույթ գործարքներով չվարկաբեկված մարդ:
Հովհաննես Մանուկյանը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 14-ին Գյումրիում։ 1989 թվականին գերազանցությամբ ավարտել է թիվ 29 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Համալսարանում ուսումնառության ընթացքում անդամակցել է ֆակուլտետի գիտական խորհրդին, եղել է կուրսի առաջավոր ուսանողներից մեկը' ցուցաբերելով բարձր առաջադիմություն։
1993 թվականի մայիսի 17-ին նա ընդունվել է աշխատանքի ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնում։
1994 թվականին ավարտել է ուսումը համալսարանում։
1995 թվականին Հովհաննես Մանուկյանն ընդգրկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում։
1995 թվականի հոկտեմբերի 10-ից Հովհաննես Մանուկյանը տեղափոխվել է աշխատելու ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում' որպես առաջատար մասնագետ։
1996 թվականի մայիսի 23-ին Հ.Մանուկյանը փոխադրման կարգով նշանակվում է ՀՀ արդարադատության նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետի պաշտոնում, իսկ նույն ամսվա 29-ին համատեղության կարգով զբաղեցնում է ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետի պաշտոնը, որտեղ աշխատում է մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը։
1997 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ արդարադատության նախարարի թիվ 634 հրամանով ՀՀ արդարադատության նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետ Հ. Մանուկյանին շնորհվում է Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային կոչում։
1998 թվականին ներգրավվում է ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում։
1998 թվականի դեկտեմբերի 30-ին, ՀՀ արդարադատության նախարարի թիվ 1275 հրամանով Հ. Մանուկյանին շնորհվում է Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչում, իսկ
1999 թվականի հունվարի 12-ին, ՀՀ նախագահի 1999 թվականի հունվարի 5-ի թիվ ՆՀ-206 հրամանագրով, Մանուկյանը նշանակվում է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում։ Միաժամանակ ՀՀ նախագահի 1999 թվականի հունվարի 5-ի թիվ ՆՀ-244 հրամանագրով' դատավոր Հ. Մանուկյանին շնորհվում է դատավորի որակավորման երրորդ դաս։
2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-965 հրամանագրով Հ. Մանուկյանը նշանակվում է Տնտեսական դատարանի նախագահի պաշտոնում։ Այս դատարանի ստեղծման և կայացման գործում հիմնական դերակատարությունը պատկանում է դատարանի առաջին նախագահին։
2005 թվականի հունիսի 9-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-108-Ա հրամանագրով Հ. Մանուկյանը նշանակվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում։
2008 թվականի սեպտեմբերի 17-ին Հովհաննես Մանուկյանը հրաժարական է ներկայացնում վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից։
Այսօր Հ. Մանուկյանը «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահն է։
2011 թվականի փետրվարի 26-ից Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
2012 թվականի հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: