Հայաստանում մայիսի 1-ը' Աշխատանքի օրը, դարձել է սովորական հանգստյան օր և կորցրել իր նշանակությունը: Պատճառն այն է, որ աշխատանքի, աշխատավորության և սկզբունքների մասին հասարակության պատկերացումներն են փոխվել: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գնահատմամբ, Հայաստանում արդյունաբերական աշխատանքի շունչն է կորել: Եթե խորհրդային տարիներին Հայաստանը արդյունաբերական երկիր էր հանդիսանում, այսօր արդյունաբերական զարգացումը հիմնականում մարզերում է և քաղաքացին դրա շունչը չի զգում:

 

Մակարյանի տվյալներով' Հայաստանում այսօր զբաղված է 470 հազար մարդ, նրանցից 150 հազարը պետական կառավարման համակարգում են աշխատում: «Աշխատատեղերի հիմնական բաժինը փոքր ձեռնարկություններում է: Նրանք ավելի փոքր ներդրում ունեն բյուջեում, սակայն ապահովում են շատ աշխատատեղեր»,- ասաց Մակարյանը' հավելելով, որ կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի հենց փոքր և միջին բիզնեսի զարգացումը: Հարկային բեռը հիմնականում պետք է ընկնի խոշոր բիզնեսների վրա, իսկ միջիններին շնչելու և աշխատելու հնարավորություն տրվի: Մակարյանի գնահատմամբ, երկրում գոյություն ունի նաև անհավասար մրցակցություն, որից հատկապես տուժում է միջին բիզնեսը և այլ գործոններ կիրառում' դաշտում մնալու համար:

 

«Հենց այդ անհավասար մրցակցության պատճառով է, որ հատկապես աշխատավարձերի առումով ստվերային դաշտ է գոյանում»,- ասում է Մակարյանը' հավելելով, որ իրականում, աշխատավարձի ընդամենը 20 տոկոսն են գործատուները մտցնում «ստվեր»: Նրա եզրահանգմամբ, փաստորեն հենց այդքան գումար է անհրաժեշտ միջին գործատուներին աշխատելու համար' որպես «իմպուլս»: Միության նախագահի գնահատմամբ, աշխատաշուկայի ամենաբարդ խնդիրներից մեկը աշխատանքային պայմանագրերի բացակայությունն է. գործատուն չի կնքում աշխատանքային պայմանագրեր' երբեմն չցանկանալով, երբեմն էլ տեղյակ չլինելով, թե պայմանագրի բացակայությունն ի՞նչ բացասական հետևանքներ կարող է առաջացնել: Նույն տրամաբանությունն է նաև աշխատողի մոտ: «Կարևորը աշխատավարձն է» մտածելակերպը դառնում է գերակա և սոցիալական այլ իրավուքների մասին խոսակցությունները դառնում են երկրորդական:

 

Ըստ Մակարյանի՝ դա գուցե նորմալ է մի երկրում, որտեղ բնակչության 17 տոկոսն, ըստ պաշտոնական վիճակագրության, գործազուրկ է: