Թուրքիայի ծպտյալ հայերը ներկայում այնքան մեծ թիվ չեն կազմում, որ հարցականի տակ դնեն թուրքական պետության միությունը կամ լուրջ վտանգ ներկայացնեն երկրի ազգային անվտանգության համար: Սակայն ծպտյալ հայերի հարցն ավելի մեծ նշանակություն կարող է ունենալ այն ժամանակ, երբ խնդիրը դիտարկում ենք, որպես Թուրքիայում մեծ գլխացավանքի վերածված քրդական հարցի բաղադրիչ մաս: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նյու Յորքում գործունեություն ծավալող հայ լրագրող Ավետիս Հադջյանը, ով ուսումնասիրություն է կատարել Թուրքիայում ծպտյալ հայերի վերաբերյալ: «Քրդերը մեծ թիվ են կազմում երկրում և հատկապես 1990-ական թվականների առճակատումների, բախումների արդյունքում ցրված են ողջ երկրով մեկ:

 

Թեպետ քաղաքական հաշիվներով, սակայն նրանք պնդում են, որ իրենք Քրդստան չեն ուզում, Թուրքիայից հողային պահանջ չունեն և ցանկանում են Թուրքիայի հետ ազատ, դեմոկրատական համադաշնություն»,- նշեց Հադջյանը' ուշադրություն հրավիրելով, սակայն, այն փաստի վրա, որ քրդերն աչք ունեն Արևմտյան Հայաստանի որոշ տարածքների վրա: «Քրդերն ասում են' Վանը մերն է, Դիարբեքիրը մերն է, որն այսօր դարձել է նրանց ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Տեղի գաղտնի հայերի մեջ շատ տարբեր նրբերանգներ կան: Նրանք, ովքեր մոտ շփման մեջ են քրդերի հետ, կիսում են նրանց քաղաքական նպատակները: Ծպտյալ հայերը մեծապես կախում ունեն այն վայրերից, որտեղ բնակվում են: Նրանց մեջ ամեն համոզմունքի տեր մարդիկ կարող են հանդիպել' հավատացյալ, անհավատ, ձախակողմյաններ, մարքսիստներ: Շատ տարբեր երանգներ կան գաղտնի հայերի մեջ: Սակայն նրանց համար իրենց ազգային ինքնությունը վեր է ամեն տեսակի քաղաքականությունից»,- ընդգծեց հայ լրագրողը:

 

Անդրադառնալով Համշենի հայերին և նրանց թվում ծպտյալ հայերին' Հադջյանն ընդգծեց, որ այսօր համշենցիներից շատերն են, որ հետաքրքրվում են իրենց արմատներով: «Կարծում եմ, որ ներկայում շատ քիչ համշենցիներ են, ովքեր չգիտեն կամ չեն ընդունում, որ իրենք հայ են: Նրանց մեծ մասը գիտի դրա մասին, այլ բան է' ընդունում է իր հայկական ծագումը, թե ոչ»,- ասաց նա:

 

Հադջյանը խոսեց նաև տարիների ընթացքում ծպտյալ հայերի նկատմամբ առկա մոտեցումների և կարծիքների շուրջ տեղի ունեցած փոփոխությունների մասին: «Առաջին անգամ ծպտյալ հայերի մասին իմացա այն ժամանակ, երբ Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս սրբազանը (ով ներկայում Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդն է) եկել էր մեր տուն և խոսում էր հայրիկիս հետ: Ես այդ ժամանակ 12-13 տարեկան էի, ոչինչ չգիտեի այս խնդրի մասին, անգամ այն, որ Արևմտյան Հայաստանում հայ է մնացել: Այդ ժամանակ չհավատացի, կարծեցի իղձն ու փափագն է, որ ուզում ենք նման բաներ երևակայել: Երբեք չէի մտածի, որ Սասունում հայ կա: Բայց երբ տարիներ հետո գնացի, աչքովս տեսա, որ այստեղ հայ կա, չորս քրիստոնյա ընտանիք է մնացել, բայց կան:

 

Երբ այս աշխարհից հեռանամ, կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկն է լինելու այն, որ Սասունի լեռը բարձրացա հայ հովվի հետ, ում անունը Նուրհան էր: Քրիստոնյա էր, սակայն հայերեն շատ քիչ գիտեր»,- հուզմունքով պատմեց Հադջյանը: Նա ընդգծեց, որ երբ 1981 թվականին առաջին անգամ Հարավային Ամերկայում գտնվելով լսել է Արևմտյան Հայստանի մասին, դա նրան հեռավոր մի վայր է թվացել, երազանքի իդեալ: «Գիտեինք, որ կար, բայց ո՞վ էր գնում, ո՞վ էր տեսնում: Հայաստանն էլ երազելի տեղ էր թվում: Երազում էինք Հայաստանը, Արարատը: Փակ աշխարհ էր Խորհրդային Միությունը, բայց այդպիսին էր նաև Թուրքիան և մանավանդ Արևմտյան Հայաստանը: Ո՞վ կարող էր երևակայել, որ մի օր կգնանք Վան, Էրզրում»,- ասաց Հադջյանը' ընդգծելով, որ Թուրքիայում ևս վերջին տարիներին որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես, սերնդի փոփոխություն:

 

«Ես չեմ ասում, որ այդ փոփոխությունները վերջնական են, հիմնական են, չեմ ասում, որ այդ փոփոխությունները պետք է տանեն ժողովուրդների եղբայրության ու բարեկամության, քանի որ շատ հիմնական քաղաքական, պատմական տարակարծություններ ու տարբերություններ ունենք Թուրքիայի հետ: Չեմ սիրում կիրառել այդ բառը, սակայն Հայաստանի համար Թուրքիան թշնամի պետություն է: Թեթևությամբ չեմ գործածում այս բառը, սակայն փաստորեն Թուրքիան մի պետությունը է, որը տակավին թշնամական դիրքորոշում է բռնել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության նկատմամբ: Իսկ հայությունը միայն հայրենիքը չէ, մեր սփյուռքն է, մեր մշակույթը: Բայց սա էլ պետք է նշել, որ Թուրքիայում զգալի թվով տարր կա, որը ձգտում է հաշտության Հայաստանի հետ ու Ցեղասպանության ճանաչմանը: Այդ տարրը շատ ցնցվեց Հրանտ Դինքի սպանությունից: Չեմ սիրում գործածել կրոնական փոխառություններ, սակայն մեկ ու կես միլիոն նահատակներից հետո Դինքը զոհվեց մեզ փրկելու համար»,- ասաց Հադջյանը: