Հայաստանի ու Ադրբեջանի միջև 1994 թվականի հրադադարի վերաբերյալ համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորն ու Ջեյմս Ուորլիքը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Այդ համաձայնագիրը վերջ տվեց իսկական պատերազմին, դադարեցրեց նախորդ տարիների ողբերգական բռնությունը և հիմք դարձավ բանակցությունների համար, որոնք կողմերի համար առաջ քաշեցին խաղաղության ճանապարհը: Շնորհիվ ձեռք բերված հրադադարի' Հայաստանի ու Ադրբեջանի նոր սերունդը մեծացավ' առանց իմանալու պատերազմի սարսափները: Կողմերը պետք է անեն ամեն հնարավորը ապագա սերուդներին նման փորձառությունից փրկելու համար:
Հրադադարի մասին համաձայնագիրը, այդուհանդերձ, չլուծեց խորքային հակամարտությունը: Այն շարունակեց Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները պահել օկուպացված վիճակում և ձախողվեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակում նոր ուղի հարթելու գործում: Վերջնական լուծման բացակայությունը հանգեցրեց հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման շարունակությանը, միջազգային սահմանների երկայնքով և շփման գծում բռնության սրացման սպառնալիքին, ինչպես նաև որոշ շրջանակներում այն թյուրըմբռնման, որ ստատուս-քվոն կարող է անորոշ ժամանակով երկարաձգվել»,- նշվում է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:
Հայտարարության հեղինակները նշել են, որ կողմերը փոքր պատրաստակամություն են դրսևորել օգտվելու համանախագահ երկրների կողմից առաջ քաշված հնարավորություններից կամ քաղաքական որոշումներից, որոնք անհրաժեշտ են խաղաղության գործընթացում առաջընթացի համար: Նրանք ընդգծել են, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ ունեն միասնական դիրքորոշում և հավատարիմ են կողմերին օգնելու հարցում հնարավորինս շուտ լուծման հասնելու համար' հիմնված ՄԱԿ կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա' մասնավորապես այն դրույթների, որոնք վերաբերում են բռնի ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, հավասար իրավունքներին ու ժողովուրդների ինքորոշման սկզբունքին: Համանախագահներն ընդգծել են, որ կարգավորումը պետք է ներառի համանախագահ երկրների նախագահների' 2009-2013 թվականներին արած հայտարարությունների մեջ ներառված տարրերը, որոնք ենթադրում են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ' երաշխավորելով անվտանգությունն ու ինքնակառավարումը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ, որը կորոշվի ապագայում' իրավական ուժ ունեցող ազատ կամքի արտահայտման շնորհիվ, բոլոր տեղահանվածների և փախստականների վերադարձ, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխավորներ' ներառյալ խաղաղապահ գործողությունները: «Նոյեմբերին մենք տեսանք ամենաբարձր մակարդակներում երկխոսության խոստումնալից նորացում: Մենք կողմերին կոչ ենք անում սկսել կառուցողական, բարեխիղճ բանակցություններ, որոնք կհանգեցնեն այս տարրերի վրա հիմնված խաղաղության համաձայնագրի' հակամարտության տևական կարգավորման նպատակով: Նման կարգավորումն անհնար կլինի առանց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության ու ըմբռնման հիմքի: Մենք կողմերին կոչ ենք անում ակտիվորեն հանձն առնել ժողովուրդների միջև ծրագրերի և անվտանգության ու վստահության ամրապնդմանը նպաստող գործընթացները' խաղաղության գործընթացն ամրապնդելու համար:
Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում, և մենք պատրաստ ենք օգնել նրանց: Կողմերը պետք է անհրաժեշտ քայլերը ձեռնարկեն խաղաղության համար: Երբ նրանք դա անեն, դա կլինի ԵԱՀԿ և միջազգային հանրության լիակատար աջակցությամբ»,- ասվում է հայտարարության վերջում: