ԱՄՆ-ի պետքարտուղարի' Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը եվրոպական շրջագայություն է սկսել, որի ընթացքում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ կքննարկի անվտանգության հարցեր, տեղեկացնում է պետդեպարտամենտը:

 

Մինչեւ մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Նուլանդը կայցելի Բելգիա, Լյուքսեմբուրգ, Էստոնիա, Սլովակիա եւ Մեծ Բրիտանիա:

 

Մասնավորապես, մայիսի 11-ին Նուլանդը միացել է ԵՄ-ի հետ բանակցություններին, որոնք վարում է պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը: Նաեւ հանդիպումներ են պլանավորված ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:

 

Նախատեսվում է, որ շրջագայության ընթացքում Նուլանդը կքննարկի գլոբալ անվտանգության հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ, ընդսմին պետդեպարտամենտը չի ճշտել, թե հատկապես ինչ հարցեր են արծարծվելու: Լոնդոնում Նուլանդը կքննարկի նաեւ ՆԱՏՕ-ի՝ սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովը, իսկ Բրատիսլավայում ելույթ կունենա Սլովակիայի կառավարության կողմից կազմակերպված GLOBSEC անվտանգության խորհրդաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: