Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում երկրի երկու թիմերի միջև ֆուտբոլի մրցախաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունները հանգեցրել են 15 մարդու մահվան, ևս 21-ը հայտնվել է հիվանդանոցում: Այդ մասին մայիսի լույս 12-ի գիշերը հաղորդել է France- Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունեցել Կինշասայի մարզադաշտում «Մազեմբե» ակումբի հետ մայրաքաղաքի «Վիտա» թիմի հանդիպման ընթացքում: «Տանտերերի» դարպասին խփված գոլից հետո մրցավարն ստիպված է եղել մի քանի անգամ ընդհատել մրցախաղն այն պատճառով, որ «Վիտայի» մարզասերները ֆուտբոլի դաշտ են նետել քարեր և այլ առարկաներ: Իսկ երբ հանդիպումն ավարտվել է «Մազեմբեի» հաղթանակով, մարզադաշտում անկարգությունները սաստկացել են այն աստիճան, որ ոստիկանությունն ստիպված է եղել կիրառել արցունքնաբեր գազ:

Ըստ France-Presse-ի տեղեկատվության՝ ոստիկանության գործողությունները խուճապ և հրմշտոց են առաջացրել տրիբունաներում, որը հանգեցրել է զոհերի: Մարզասերների ճնշումից, որոնք փորձել են շտապ հեռանալ տրիբունաներից, փլվել է մարզադաշտի պատի մի մասը:

Երկրի իշխանություններն սկսել են միջադեպի հետաքննությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութը` այստեղ: