ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը' Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 1994թ. մայիսի 12-ին հաստատված զինադադարի 20-ամյակի կապակցությամբ: Նա երախտագիտություն է հայտնել համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին' նրանց անխոնջ մ իջնորդական ջանքերի համար:
Գործող նախագահը վերահաստատել է, որ 1994թ. հրադադարը վերջ է դրել մի պատերազմի, որի հետևանքները յուրաքանչյուր օր իրենց ազդեցությունն են թողնում Հարավային Կովկասի ժողովուրդների կյանքի վրա: Հրադադարի ռեժիմի խախտումները շփման գծի երկայնքով շարունակում են հաճախակի լինել և հակամարտության որևէ լուծում դեռևս չի գտնվել:
Բուրկհալտերը միացել է համանախագահների կոչին հայերին ու ադրբեջանցիներին' «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դեպի խաղաղություն»: Նա վերահաստատել է ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի միջնորդական ջանքներին:
Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև 1994 թվականի հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորն ու Ջեյմս Ուորլիքը ևս աւյսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: