Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած գիտնականներ, փորձագետներ համախմբել են ջանքերը Երևանում քաղցկեղի ուսումնասիրման և բուժման նորագույն մեթոդները գտնելու նպատակով: Գիտաժողովն անցկացվում է մայիսի 13-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական հաալսարանում:

 

Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ երկօրյա գիտաժող ովի շրջանակում Հայաստան են ժամանել նաև հնդիկ ուռուցքաբաններ, որոնց թվում է առաջատար բժիշկ Դինեշ Պենդհարքարը (Dinesh Pendharkar): «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ոլորտի առաջատար հնդիկ ներկայացուցիչը պատմեց, որ գիտաժողովի հիմնական նպատակն է ուռուցքաբանության վերաբերյալ գիտելիքները ներկայացնել տարբեր երկրների մասնագետների փորձի միջոցով:

 

«Ուռուցքաբանությունը գիտություն է, որի մասին գիտելիքները մենք պետք է օգտագործենք նաև հիվանդների բուժման մեջ: Գիտաժողովի հիմնական նպատակն է հաղորդել մարդկանց, որ երբ ուռուցքաբանության ոլորտի ներկայացուցիչները համախմբվում են, ապա իրենք կարող են շատ ավելին անել իրենց հիվանդներին բուժելու համար»,- ասաց Պենդհարքարը:

 

Նրա գնահատմամբ, դրական արդյունք ապահովելու համար հիվանդները պետք է հետազոտվեն մի շարք մասնագետների կողմից, և համալիր հետազոտություն ստանալուց հետո միայն սկսեն բուժման ընթացքը:

 

«Հիվանդի բուժումն էլ մասնագետների թիմային աշխատանքը պետք է դառնա:

 

Ուռուցքաբանությունը մշտապես ուսումնասիրվող գիտություն է»,- նշեց ուռուցքաբանը:

 

Նա չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե քաղցկեղը չբուժվող հիվանդություն է:

 

«Մի վախեցեք քաղցկեղից, այլ սովորեք ապրել քաղցկեղի հետ, սա հիվանդություն է, որի հետ մարդիկ ապրում են: Այն բուժելու լավագույն տարբերակներից մեկը վաղաժամ ախտորոշումն է: Երկրորդ, երրորդ, չորրորդ փուլերում բուժման ընթացքը դժվարանում է, սակայն երբ հիվանդը իմանում է, որ նման խնդիր ունի, չպետք է պարզապես նստի տանը: Պետք է հիվանդության մասին իմանալու վայրկյանից սկսի բուժումը»,- ընդգծեց բժիշկը' ավելացնելով, որ տարիների ընթացքում փոփոխվում և շարունակաբար նորացվում են քաղցկեղի բուժման մեթոդները:

 

Նա հաստատակամություն հատնեց Հայաստանի մասնագետների հետ ձեռք բերված փորձը շարունակելու ուղղությամբ. առաջիկայում հեռահաղորդակցական միջոցների լայն օգտագործման արդյունքում իրենք կկարողանան շարունակել համագործակցությունը:

 

«Շատ ուրախ եմ, որ այսօր մեզ մոտ գիտականների, փորձագետների, գործող բժիշկների հետ շփվելու հնարավորություններ են ձեռք բերվել: Ես շատ ուրախ եմ նաև այն բանի համար, որ այս գիտաժողովին մասնակցում են նաև երկու հնդիկ ոռուցքաբաններ, որոնք առատար դիրքեր են զբաղեցնում Հնդկաստանում ուռուցքաբանության ոլորտում»,- ներկայացնելով գիտաժողովի մասին իր տպավորությունները' նշեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն:

 

Մայիսի 12-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Արյունաբանության և ուռուցքաբանության այկական ասոցիացիան և Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միությունը կազմակերպում են քաղցկեղի մուլտիդիսցիպլինար բուժման կուրս՝ կրծքագեղձի քաղցկեղի, ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի, լեյկեմիայի և կլինիկական հետազոտությունների վերաբերյալ թեմաներով: Գլխավոր աջակիցը և համակազմակերպիչը Երևանի պետական բժշկական համալսարանն է: