Հայաստանի կառավարության նոր ծրագրով առաջնահերթություն կտրվի ճանապարհային ցանցի առավել ինտենսիվ, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող հատվածներում իրականացվող ներ­դրումներին։ Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի' մայիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստում:

 

Կշարունակվի միջազգային չափանիշներին համապատասխան «Հյուսիս-հարավ» տարածաշրջա­նային նշանակություն ունեցող առաջին արագընթաց ճանապարհի կառուցումը' առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հարավային հատվածի տրանսպորտային սխեմաների լուծումներին: Պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում կմշակվեն «Հարավային երկաթուղի» նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծանախահաշվային փաստաթղթերը: Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելից, կունենա 27 կայարան: Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի: Ըստ ներկայացված ծրագրի՝ շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016 թվականին և ավարտվել 2022 թվականին:

 

Շարունակական ջանքեր կգործադրվեն դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ:

 

Կառավարությունը նախատեսում է ավելացնել Երևանի ավտոճանապարհների և հանգույցների շինարարության ծավալը, ինչի արդյունքում կթեթևանա Երևան քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Այլ քաղաքներում ևս ավելացվելու է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի իրականացման տեմպը:

 

Կշարունակվեն ճանապարհային տնտեսության ակտիվների կառավարման կատարելագործումը, կարողությունների զարգացումը, հաշվետվողականության և մոնիթորինգի (աուդիտի) համակարգի ներդրումը: Կավելացվի միջպետական, հանրապետական և տեղական նշանակության (այդ թվում՝ գյուղական համայնքներն սպասարկող) ավտոճանապարհների ու տրանսպորտային օբյեկտների պահպանման ու հիմնանորոգման նպատակով հատկացվող պետական ներդրումների ծավալը:

 

Կնորացվի և կարդիականացվի հասարակական տրանսպորտը: Խթանվելու է միջպետական, միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտի կառավարման համակարգի վերափոխումը, որը կմեծացնի նաև սոցիալական ծառայությունների հասանելիությունը և աշխատուժի շարժունակությունը, այդ թվում՝ նաև հաշմանդամների և այլ սակավաշարժուն խմբերի համար: