ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի սպասարկող անձնակազմի նախկին ոստիկան Արմեն Սարգսյանի կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ' ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում Արմեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով այն բանի համար, որ նա, 2012-ի օգոստոսին ծանոթանալով ՀՀ ՊՆ X զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Ս.-ի հետ և վերջինիցս տեղեկանալով, որ թիվ X զորամասը լուծարվում է, և հնարավոր է ծառայությունը շարունակի ԼՂՀ–ում տեղակայված զորամասերից մեկում, խաբեությամբ' խեղաթյուրելով ճշմարիտ փաստերը, Էդգար Ս.-ից խոշոր չափերի հասնող' 1.637.600 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար հափշտակելու նպատակով, ի սկզբանե նպատակ և հնարավորություն չունենալով կատարել իր խոստումը, Էդգար Ս.-ին կեղծ տեղեկություններ է հայտնել այն մասին, որ իր հարևանությամբ բնակվող ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ մտերիմ է, և կարող է դիմել նրան' Էդգար Ս.-ի բնակավայրին մոտ զորամաս ծառայության տեղափոխելու հարցը լուծելու համար:

 

Ստանալով Էդգար Ս.-ի համաձայնությունը' մի քանի օր անց նախկին ոստիկանը նրան կեղծ տեղեկություններ է ներկայացրել ՊՆ պաշտոնյայի հետ ձեռք բերված համապատասխան պայմանավորվածության մասին և պահանջել 4000 ԱՄՆ դոլար տրամադրել' որպես կաշառք ՊՆ պաշտոնյային հանձնելու համար' ի սկզբանե նպատակ ունենալով հափշտակել նշված գումարը: Էդգար Ս.-ն, հավատալով Ա. Սարգսյանի կողմից հայտնած կեղծ տեղեկությանը, այնուամենայնիվ, չի համաձայնել տրամադրել վերջինիս պահանջած գումարն ամբողջությամբ, և առաջարկել է 2000 ԱՄՆ դոլարը տրամադրել սկզբում, իսկ մնացածը' ստանձնած պարտավորությունները կատարելուց հետո: Ա. Սարգսյանը մի քանի օր չի ընդունել Էդգար Ս.-ի առաջարկը' հայտնելով այդ պարագայում ձեռք բերված պայմանավորվածության կատարման անհնարինության մասին, դրանով իսկ փորձելով ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը:

 

Սակայն, մի քանի օր անց ,Ա. Սարգսյանն ընդունել է Էդգար Ս.-ի պայմանները' վերջինիս կեղծ տեղեկություններ հայտնելով, իբր, գումարը երկու փուլով տրամադրելու վերաբերյալ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին:
Էդգար Ս.-ն իր մոր միջոցով փոխանցել է 818.800 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար, որն էլ հափշտակվել է Ա. Սարգսյանի կողմից: Արմեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

 

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: