«Վերնիսաժի» մոտ կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության փորձ և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցի կ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: Առաքելյանի ձերբակալության ժամկետը լրանում է, սակայն կալանքի վերաբերյալ որոշում դեռ չկա:
Մայիսի 17-ին' ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որՎերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է,որ զինված անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կրակոցներից վիրավորված անձանցից ամենաերիտասարդը 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանն է, իսկ ամենատարեցը' 72-ամյա Մնացական Սուքիասյանը: Նրանց թվում 64 տարեկան Ալբինա Բադալյանն է, ում վնասվածքն ամենաթեևն է: Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը 30 տարեկան են:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:
Գոռ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: