Այս պահից սկսած Հայաստանում վերացվում է ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փոփոխությունը նաև «վերաբերում է այն դիմողներին, ովքեր նորացնում են իրենց մուտքի վիզան և բավարարում են հետևյալ բոլոր պահանջներին.
- Դուք դիմում եք նույն դասակարգման վիզայի համար (ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Միայն B1/B2, D, F, I, J, M, O, և Q կատեգորիաների համար դիմողները, F կատեգորիայի համար դիմողներին չի վերաբերում, եթե նրանք փոխում են և ծրագիրը, և կրթական հաստատությունը: J կատեգորիայի համար դիմողներին չի վերաբերում, եթե փոխել են իրենց SEVIS-ի նույնացման համարը), և
- Կենսագրական տվյալները չեն փոխվել (անուն-ազգանուն, ծննդավայր և ծննդյան ամսաթիվ-տարեթիվ), և
- Նախորդ վիզան ունեցել է վիզայի տվյալ դասի համար առկա վավերության լրիվ ժամկետը (սովորաբար բազմակի մուտքի, 12-ամսյա վավերություն) և
- Նախորդ վիզան ներկայումս վավեր է կամ ժամկետը լրացել է վերջին 12 ամսվա ընթացքում»:
Ի լրումն վերոնշյալի, հաղորդագրության մեջ ասվում է. «Հարցազրույցի պահանջի վերացմամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փորձում է տարեց քաղաքացիների, երեխաների հետ ճանապարհորդող ընտանիքների ու հաճախակի ճանապարհորդողների համար առավել արագ ու պարզ դարձնել մուտքի արտոնագրի ստացման գործընթացը:
Այս մասին հայտարարելիս հյուպատոս Ջորջ Լինն ասել է. «Հարցազրույցի պահանջի վերացումը կհանգեցնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև մշակութային, կրթական, առևտրային շփումների ավելացմանը, առավել կամրապնդի մեր ժողովուրդների միջև կապերը: Այս նոր մոտեցումը կդյուրացնի օրինական ուղևորությունները դեպի Միացյալ Նահանգներ՝ միաժամանակ ապահովելով մուտքի արտոնագրերի գործընթացի թափանցիկությունն ու ազգային անվտանգության երաշխիքները»:
Հյուպատոսական պաշտոնյաները դեռևս կարող են իրենց հայեցողությամբ հարցազրույցի հրավիրել դիմողներին, նույնիսկ եթե նրանք հիշյալ խմբերին են պատկանում: Բացի այդ, նախատեսվում է նշված խմբերից, երբեմն, պատահական ընտրությամբ որոշ մարդկանց հրավիրել հարցազրույցի:
Հարցազրույցի պահանջի վերացման, առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել https://usvisa-info.com/ էջը, որտեղից անցում կատարելով Հայաստանի ենթաէջին՝ «Personal Appearance Waiver» (Անձամբ ներկայանալու պահանջից հրաժարում) կամ «Visa Renewal» (Վիզայի նորացում) բաժիններում կգտնեք անհրաժեշտ բոլոր մանրամասները»: