Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել առաջիկա երկու տարիների ընթացքում վեհաժողովների ոչ մի նիստ այլևս չանցկացնել Ադրբեջանում: Նման որոշման պատճառ է դարձել այն, որ ադրբեջանական իշխանությունները վերջին պահին չեղյալ էին համարել մայիսի 22-23-ը Բաքվում ԵԽԽՎ Բյուրոյի ու Մշտական խորհրդի նիստներին մասնակցելու նպատակով ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, հայանպաստ գործու նեությամբ հայտնի Ռենե Ռուքեին արդեն իսկ տրամադրված մուտքի վիզան: Որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունիսի 1-ին: Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, որոշումը չի գործի միայն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններ իրականացնելու պարագայում:
Նման որոշմամբ' ԵԽԽՎ-ն ընդգծել է, որ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի արտոնությունների ու անձեռնամխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի և Փարիզի արձանագրությունների խախտում, որոնք ապահովում էին կառույցի անդամների անձեռնամխելիությունն ու ազատ տեղաշարժը:
Նման արգելքը ԵԽԽՎ Բյուրոն կարող է հանել այն դեպքում, եթե ադրբեջանական իշխանությունները երաշխավորեն վեհաժողովի անդամների տեղաշարժման ազատությունն Ադրբեջանում գործարար վեհաժողովի համար ճամփորդություն իրականացնելու ժամանակ:
Ադրբեջանական իշխանությունները ԵԽԽՎ անդամ Ռենե Ռուքեին հրաժարվել էին թողնել մուտք գործել երկիր, քանի որ վերջինս աչքի է ընկնում հայամետ դիրքորոշմամբ, բացի այդ արդեն հասցրել էր լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: