Մայիսի 23-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեին:

 

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր:

 

Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց երկու երկրների միջև ստեղծված փոխվստահության մակարդակն ու զարգացման հեռանկարները և հույս հայտնեց, որ առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու դեպքում միջպետական հարաբերություններում կարելի է արձանագրել էլ ավելի մեծ հաջողություններ: Միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման գործում նա կարևորեց բարեկամական խմբերի ակտիվ շփումներն ու տարբեր ձևաչափերով համատեղ քննարկումները:

 

Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեն ընդգծեց, որ Հայաստանը միշտ եղել ու մնում է Լատվիայի բարեկամ երկիրը: Հայաստանի հետ համագործակցությունը Լատվիան զարգացնում է ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում, և անկախ նրանից, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել, իրենք շարունակելու են ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ:

 

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: