Երեւանի Հալաբյան փողոցում հայտնաբերված արջը Կենդանաբանական այգում է: 

 

Դեռեւս հայտնի չէ' կենդանին մշտական բնակություն կգտնի՞ այգում, թե՞ երբ տերը հայտնվի, նրան կհանձնեն, սակայն ներկայում այն անասնաբույժի հսկողության տակ է: Արջը մոտ երկու տարեկան է:

 

Ոչ արտակարգ իրավիճակների նախարարությունում, ոչ կենդանաբանական այգում տեղյակ չեն, թե որտեղից է փախել արջը եւ ում է պատկանում: Հալաբյան փողոցի բնակիչները, սակայն, կասկածներ ունեն, որ այն փախել է Հրազդանի կիրճի ռեստորանային համալիրներից մեկից:

 

ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 26-ին' ժամը 23.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում' «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք: