Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրավիրած ասուլիսում խոսելով Ռոբերտ Քոչարյանի հետ իր տարաձայնությունների մասին' ասաց, որ ամեն մի քաղաքական գործիչ ունի իրավունք' վերադառնալու ակտիվ քաղաքականություն, այդ թվում եւ երկրորդ նախագահը: Վերջնական որոշումն իրենն է. «Ինքը որպես առաջնորդ' կարող է իր որոշումները կայացնել' իհարկե, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների հաշվառմամբ»:
Հարցին' Դուք նշեցիք երկրորդ նախագահի հետ Ձեր տարաձայնությունների մասին, համագումարին էլ Ձեր վերաբերմունքը հայտնեցիք, այնուամենայնիվ, Դուք հենց երկրորդ նախագահի օրոք զբաղեցրել եք ՀՀ-ի ըստ էության 2-րդ քաղաքական պաշտոնը, կարո՞ղ ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, դա եղել է Ձեր քաղաքական կարիերայի գագաթնակետը' նա պատասխանեց. «Ես այսօր էլ 4-րդ քաղաքական պաշտոնյան եմ՝ համաձայն ՀՀ օրենքի: Այն, ինչ տեղի է ունեցել ժամանակին Ռոբերտ Քոչարյանի հետ, ես գնահատում եմ մեր անցած ճանապարհը: Հիշաչարությունը որպես քաղաքական կատեգորեա, իրականության մեջ չի կիրառվում: ՕԵԿ-ի նկատմամբ այն ճնշումները, որ կիրառվեցին, մարդիկ որ հեռացան ՕԵԿ-ից դեռեւս 10 տարի առաջ, բայց ես ոչ մեկից չեմ նեղացել: Այդ մարդկանց հետ բազմաթիվ անգամ աղ ու հաց ենք կիսել, այսօր էլ հանդիպում ենք, խոսում ենք: Չպետք է չարություն լինի: Պետք է լինի բարություն եւ հանդուրժողականություն: Քաղաքական գնահատականները ես չեմ ուզում անձնավորել: Իմ քաղաքական ելույթում արտահայտել եմ քաղաքական մոտեցում, որը անձնական հարաբերությունների հետ կապ չունի: Իսկ իմ քաղաքական կարիերան նորմալ հունի մեջ է:Ես այս տարի կդառնամ 45 տարեկան, 68 չեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ