Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ 2013 թվականի հունիսի 2-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սույն գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին:

 

Ըստ մեղադրական եզրակացության' Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ. ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել' նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող' Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

 

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: