Ադրբեջանի խորհրդարանում հերթական զավեշտալի սկանդալն է տեղի ունեցել: Փոխխոսնակ Բահար Մուրադովան հայտարարել է, որ «ժողովրդի ընտրյալը իրավունք չունի խոսել ժողովրդի անունից»:
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակին զայրացրել է երկրի առողջապահական համակարգում ստեղծված սարսափելի իրավիճակի մասին պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի ելույթը, որում վերջինս հայտնել է, որ մարդիկ իրեն դժգոհում են առողջապահության ոլորտում տիրող անմխիթար վիճակի եւ առողջապահության նախարարության անգործունեության համար: «Ես դեռեւս մի նախարար չեմ տեսել, որը հոգ տաներ Ադրբեջանի քաղաքացիների առողջության մասին, որն իրեն նվիրեր իր գործին ծառայելուն», -ասել է Մուստաֆան:
Պատգամավորին առարկել է Բահար Մուրադովան: Նա «վուլգար մոտեցում» է բնութագրել առղջապահության նախարարության անգործունեության եւ իրեն չարդարացնելու մասին Ֆազիլ Մուստաֆայի արտահայտությունը, եւ հայտարարել, որ պատգամավորի ելույթը կարող է «վշտացնել ընտրողներին»: «Պատգամավորի ձեր կարծիքը կարող է վշտացնել ընտրողներին, այդ պատճառով անհրաժեշտ է հետեւել սեփական արտահայտություններին»:
Նրա խոսքով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներն իրավունք չունեն խոսելու ժողովրդի անունից: «Ժողովուրդը գիտի, թե ինչ է իրեն պետք: Ժողովուրդը ոչ մեկին իրավունք չի վերապահել մի քանի մարդու տրամադրությունը ներկայացնել որպես ամբողջ ժողովրդի կարծիք: Ընդհակառակը, ժողովուրդը գտնում է, որ այդ մարդկանց գործունեությունը վնաս է հասցնում ժողովրդի կողմից ընտրված նախագահի քաղաքականությանը, Ադրբեջանի ընտրած ուղուն»,-ադրբեջանական ժողովրդի «անունից» հայտարարել է փոխոսնակ Մուրադովան: