Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր երկրի երիտասարդությանը կոչ է արել անտեսել Գեզիի դեպքերի տարելիցին նվիրված միջոցառումները: Ինչպես հաղորդում է BBC գործակալությունը, վարչապետը նման հայտարարությամբ հանդես է եկել երկրում Գեզիի դեպքերի հետ կապված լայնածավալ ցույցերի նախօրեին:

 

Նա հերթական անգամ Գեզիի շարժմանն ահաբեկչական որակավորում է տվել' նշելով, որ այն «մանիպուլիացիայի է ենթարկել հոգեպես և ֆինանսապես թույլ երիտասարդությանը' հարձակվելու մեր միասնականության վրա և վտանգի տակ դնելու տնտեսությունը»:

 

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ստամբուլի անվտանգության վարչությունն արգելել է որևէ հավաքի իրականացումը Թաքսիմի հրապարակում, որտեղ մեծ թվով թուրք ոստիկաններ են կենտրոնացվել: Միաժամանակ անվտանգության վարչությունը Թաքսիմում, Շիշլիում և Բեշիքթաշում 25 հազար ոստիկան և ջրաշիթեր նետող 50 մեքենա է տեղակայել:

 

Նախատեսվում է, որ բազմամարդ բողոքի ակցիաներ տեղի կունենան ինչպես Ստամբուլում, այնպես էլ մի շարք այլ քաղաքներում' ներառյալ մայրաքաղաք Անկարան, Իզմիրը, Անթաքիան:

 

Թուրքիայում անկարգություններն սկսվել էին այն բանից հետո, երբ մայիսի 31-ին ոստիկանությունը դաժանորեն ցրել էր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Գեզի այգու պաշտպաններին. այգու ծառերի մի մասը պետք է կտրվեր կառավարության որոշմամբ' հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով սկսված բողոքի ակցիաները վերածվել էին հակակառավարական ցույցերի, որի մասնակիցները դ ժգոհություն էին հայտնել իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականության կապակցությամբ եւ պահանջել կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում 6 մարդ զոհվել, 8000-ից ավելին' վիրավորվել, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել էին: