Հայաստանում գրանցված ցրտահարությունը և կարկտահարությունը չեն կարող լուրջ ազդեցություն ունենել գյուղատնտսության ոլորտի աճի վրա: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին: «Նախ ասեմ, որ կակուտը նորություն չէ, և ամեն տարի էլ Հայաստանում կարկ ուտ լինում է: Եվ միայն մենք չէ, այլև հարևան երկրներն էլ են կարկուտից տուժում: Իսկ ցրտահարությունից տուժել է միայն ծիրանը, սակայն մեր ոլորտի աճը միայն ծիրանից չէ կախված»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ այս տարի պայմաները բարենպաստ են լոլիկի և բոստանային կուլտուրաների ծավալների ավելացման համար, ինչը կնպաստի գյուղատնտեսական ոլորտի աճին:

 

Նախարարը նշեց, որ անցած տարի Հայաստանն ունեցել է 80 հազար տոննա ծիրան, սակայն այս տարի սպասվում է ընդամենը 8-10 հազար տոննա ծիրանի բերք: «Այս տարի ոչ միայն ունենալու ենք ծիրան, այլ նաև արտահանելու ենք: Քիչ քանակով, բայց կարտահանենք: Իսկ այն, որ մենք ծիրան ունենալու ենք, երևում է նրանից, որ բոլոր սուպերմարկետներում և միրգ-բանջարեղենի խանութներում ծիրանի «ցոգոլ» է վաճառվում»,- ասաց Կարապետյանը:

 

Նախարարը վստահություն հայտնեց, որ այս տարի ևս գյուղատնտեսության ոլորտում աճ արձանագրվելու է, սակայն չցանկացավ թվեր նշել: Նա ընդգծեց, որ շրջելու է գյուղերով, աշխատանք է տանելու գյուղացիների հետ, որպեսզի տարեվեջին դրական արդյունքներ լինեն: