Երեկ՝ հունիսի 2-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ) պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ստորագրությամբ արձանագրությունը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

 

Վերջինիս խոսքով՝ ԿԸՀ-ն յոթօրյա ժամկետում կգումարի նիստ, և մանդատը կտրվի ցուցակում հաջորդ հերթական համարին:

 

«Այսօր ԿԸՀ-ն ԲՀԿ համամասնական ցուցակից ստացել է թվով 21 ինքնաբացարկի դիմում: Նիստին արդեն իսկ բոլոր ինքնաբացարկի դիմումները հաշվի առնելով' ԿԸՀ-ն մանդատը կտա հաջորդ թեկնածուին»,- ասաց Հերմինե Հարությունյանը:

 

Նշենք, որ ավելի վաղ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Լուրեր.com-ին հայտնել էր, որ Գրիգոր Գրիգորյանի՝ մանդատից հրաժարվելու պատճառն առողջական խնդիրներն են: