Հայաստանն առանց որևէ խոչընդոտի կստորագրի Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը: Հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման վստահություն հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Մենք շարունակում ենք մնալ Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության անդամակցության ջատագովը և ակտիվորեն մասնակցում ենք այս գործընթացին: Ես ակտիվորեն մասնակցել եմ այս ողջ գործընթացին և կարող եմ վստահեցնել, որ Հայաստանն առանց խոչընդոտների կանդամակցի Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը»,- ասաց նա' ընդգծելով, որ ընդամենը մի շարք տեխնիկական հարցեր են մնացել, որոնք ամռան ընթացքում կլուծվեն և աշնանը Հայաստանը կստորագրի ՄՄ և ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը:

 

Արամ Կարապետյանը նշեց, որ այս պահին Հայաստանի համար կարևոր է, որպեսզի Ռուսաստան-Արևմուտք հակամարտության շրջանում թույլ չտա, որպեսզի իրեն Ուկրաինայի նման օգտագործեն: Նրա խոսքով' այս պահին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար ԵՏՄ-ից բացի այլընտրանք չկա: «Եթե սրան այլընտրանք կլինի, ես պատրաստ կլինեմ քննարկել դա, բայց այս պահին չկա այլընտրանք»,- ասաց նա:

 

Անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցած դեպքերին՝ Արամ Կարապետյանը նշեց, որ իր համար սպասելի էր, որ Նազարբաևն իրեն «լավ չի պահելու»: «Ես այդ նիստից մեկ օր առաջ հարցազրույց եմ տվել կայքերից մեկին, որի ժամանակ ասել եմ, որ Նազարբաևն իրեն լավ չի պահելու: Ես դա գիտեի և հասկանում եմ Նազարբաևին, ով փորձում է պաշտպանել թուրքական և ադրբեջանական շահը, շատ լավ հասկանում եմ նրա և Ալիևի հարաբերությունները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ալիևի նամակը, որը նիստի ժամանակ ընթերցել է Նազարբաևը, հիմարություն էր և իր մեջ ոչ մի նյութ չէր պարունակում:

 

Անդրադառնալով խոսակցություններին, թե ինչու՞ Սերժ Սարգսյանը չի արձագանքել Նազարբաևի հայտարարությանը՝ Կարապետյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ է վարվել, քանի որ այդ դեպքում արձագանքելու բան չկար: «Դա ուղղակի սադրանք էր, և արձագանքի կարիք այդտեղ չկար: Եթե արձագանք լիներ, կնշանակեր, որ մենք տեղի ենք տալիս Նազարբաևի սադրանքին և կարևորում ենք այն: Բացի այդ, ես ցանկանում եմ հիշեցնել, որ Նազարբաևն ասաց, թե ընթերցում է Ալիևի նամակը, սակայն քննարկման համար չէ»,- ասաց նա:

 

Արամ Կարապետյանը տարակուսանք հայտնեց, որ երկար ժամանակ խոսվում էր այն մասին, թե Հայաստանը Մաքսային միություն է գնում Լեռնային Ղարաբաղի հետ: «Օրերս Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում Մաքսային միություն գնալ Լեռնային Ղարաբաղի հետ, և դա այդպես է: Եթե մարդիկ այս առումով կարծիք են հայտնում, ապա գոնե պետք է կարդացած լինեն Մաքսային միության և Եվրասիական միության անդամակցության պայմանագիրը և կհասկանան, որ Լեռնային Ղարաբաղը կարող է Մաքսային միություն գնալ որպես Հայաստանի հետ մեկ միասնական տնտեսական տարածք, սակայն ոչ ե րբեք որպես միավոր»,- նշեց նա: