Ղարաբաղյան պատերազմում զինադադարի ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի կնքումից անցել է 20 տարի: Այս տարեդարձը մեծ շուքով նշվեց տարբեր երկրներում' անգամ Անգլիայում, որը մասնակցություն չունի խնդրի կարգավորմանը լծված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Այդուհանդերձ, հակամարտության պարտված կողմը' Ադրբեջանը, ոչ միայն չի գնահատում այն, որ զինադադարի կնքմամբ ռազմաճակատում հազարավոր ադրբեջանցիներ փրկվեցին վախճանից, այլև հրադադարի ռեժիմի հաստատման 20-րդ ամյակի նախօրեին բացեց նոր' ներքին ճակատ: Այս մասին «Независимая газета» պարբերականում գրել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

 

Նախկին դիվանագետը նշում է, որ Բաքվի իշխանություններն սկսում են առանձնացնել այն հայտնի մարդկանց, ովքեր 100 տոկոսով չեն համաձայնվում ղարաբաղյան հակամարտության հարցում պետական շրջանակների վարած ուժային քաղաքականության հետ և անգամ փորձում են զբաղվել «ժողովրդական դիվանագիտությամբ»' ուղղակի շփումներ հաստատելով հայերի հետ, ում Ադրբեջանի Նախագահն արդեն վաղուց դասել է մշտական թշնամիների շարքին:

 

Նման գործելաոճի շրջանակներում էր, որ սկսեցին հալածվել և դատական գործերի հարուցվեցին Թուրքիայում ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի, իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսին, քաղաքագետ և պատմաբան Արիֆ Յունուսովի դեմ: Ադրբեջանին չկանգնեցրեց անգամ այն, որ մայիսի 14-ին երկիրը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Կազիմիրովը պաշտոնական Բաքվի նման գործելաոճը համարում է փորձ' ճնշելու Հարավային Կովկասում առկա հակամարտությունը կարգավորելու ճանապարհներից մեկը' «ժողովրդական դիվանագիտությունը»:

 

«Հակամարտությունում կողմերի դիրքորոշման մեղմումը, փոխզիջումների փնտրտուքը ոչ պաշտոնական շփման ճանապարհով ամենևին էլ Բաքվի հետաքրքրությունների շրջանակներում չէ: Հակառակը, իր քաղաքականությամբ, որը որակվում է որպես «կացնային» և ոչ միայն Սաֆարովի «սխրագործության» համար, այն ձգտում է արմատախիլ անել բոլոր այդ շփումները: Միայն խոսքերով են Բաքվի առաջնորդները պայքարում հակամարտությունում փոփոխությունների, ստատուս-քվոյի վերացման համար, իսկ իրականում ավելի են հիմնախնդիրն արմատականացնում»,- նշել է Կազմիրովը:

 

Խոսելով Ադրբեջանում իրականացվող անհիմն ձերբակալությունների և իրավախախտումների մասին' Մինսկի խմբի նախկին համանապագահը եզարահանգման է գալիս, որ արդեն ժամանակն է, որպեսզի քանի դեռ շատ ուշ չէ, Ստրասբուրգում բարձրացվի մարդու իրավունքների ոտնահարումների հարցը: