Սիրիայում կառավարական ուժերի դեմ ահաբեկչական խմբավորումների կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացի վահաբիները (իսլամի սունի ուղղության արմատական աղանդ) զանգվածաբար պատռում են Ադրբեջանի պետական մարմինների կողմից ստացած իրենց անձնագրերը, ինչի մասին վկայում են ադրբեջանցի վահաբի գրոհային Յախյա ալ Ազերիի կողմից սոցիալական ցանցերում տարածված լուսանկարները: Այս մասին հայտնում է jam.az լրատվական կայքը:

 

Նշվում է, որ Յախյա ալ Ազերին եղել է Սիրայում կռվող ադրբեջանցիների հրամանատարը, որը ժամանակ առաջ սպանվել է: Ենթադրվում է, որ ներկայումս սոցցանցի նրա էջից օգտվում է նրա կինը:

 

Ադրբեջանի լրագրողների կայքը ադրբեջանցի վահաբիների այդ գործողությունն Ադրբեջանի դեմ ուղղված քայլ է բնութագրել և նշել, որ դա նաև զգուշացում է Ադրբեջանական պետությանը:

 

«Ադրբեջանական անձնագրերի ցուցադրական ոչնչացումը խոսում է այն մասին, որ ադրբեջանական ծագումով արմատական իսլամիստները չեն ճանաչում Ադրբեջան պետությունը, հրաժարվում են քաղաքացիությունից և պատրաստվում են հետագայում կռվել Ադրբեջանի դեմ: Այստեղ հետաքրքիր պահն այն է, որ վահաբիները որպես թիրախ համարում են ոչ միայն Ադրբեջանի պետությանը, միևնույն ժամանակ նաև ադրբեջանական ժողովրդին: Նրանց մտածողությամբ' շիաները անհավատներ, աստվածամերժներ են, և վերջիններիս ունեցվածքը, կյանքն ու նամուսը հալալ են վահաբիներին»,- գրում է jam.az-ը: Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիա է:

 

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցնում է 100-ից: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ' հանուն հավատի) կատարել Սիրիայում:

 

Jam.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում գործող «Մեշա գարդաշլարը» (Անտառի եղբայրներ) և «Ջեյշուլլահ» (Ալլահի բանակ) արմատական իսլամիստական կազմակերպությունները 2014 թ. հունվարի 29-ին հանդես էին եկել Ադրբեջանի իշխանության դեմ ահաբեկչական գործողություններ սկսելու մասին հայտարարությամբ: Նրանք սպառնացել են Բաքվում առաջին իսկ հարձակման ժամանակ 100 ոստիկան սպանել: «Ջեյշուլլահ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ շուտով իրենք ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտարարելու Ադրբեջանում:

 

Որոշ դիտորդների կարծիքով' Սիրիայում օրեցօր ահագնացող բախումները հնարավոր է ապագայում ներթափանցեն նաև Ադրբեջան: Եթե նախկինում ենթադրվում էր, որ այդ թշնամությունը տեղի է ունենալու շիա և սունի արմատական վահաբիների միջև, ապա այժմ դաժան դիմակայություն է սկսվել արմատական իսլամիստական խմբավորումների միջև: Այդպիսի նախանշան կարող է համարվել անցյալ դեկտեմբերի 11-ն Սումգայիթում արմատական խմբավորումների միջև տեղի ունեցած զինված ընդհարումը: Որոշ ժամանակ առաջ ադրբեջանցի մոջահեդներից մեկի կողմից «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման կազմում կռվող ադրբեջանցիներին ուղղված մեղադրանքը իսկական թշնամության է վերածվել այդ խմբավորումների միջև, ինչը գնալով ավելի է խորանում:

 

Իսրայելցի փորձագետ, նախկին դիվանագետ, Իսրայելի «Նաթիվ» կենտրոնի նախկին ղեկավար Յակով Քեդմին virtualaz.org լրատվական կայքին տված հարցազրույցում Ադրբեջանում կրոնական հողի վրա լարվածության հետ կապված հայտնել էր, որ Ադրբեջանի համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը կրոնական հողի վրա ծայրահեղական տրամադրությունների և հոգեվիճակի ուժեղացումն է: «Այս կամ այլ իսլամիստական խմբավորումների մարտիկների' Սիրիայից Ադրբեջան վերադարձը կարող է պատճառ դառնալ երկրում ներքին կայունության կտրուկ խախտման և ահաբեկչական գործողությունների աճի համար»,- ասել էր իսրայելցի փորձագետը: