Օրեր առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարության վերաբերյալ տարբեր մեկնաբանությունները հնչում են մինչ օրս:

 

Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարությունում անդրադարձել է հետևյալ չորս հիմնական թեմաներին՝ ա. նորանշանակ կառավարության առջև դրված խնդիրները, բ. Մաքսային (Եվրասիական) միությանն անդամակցության գործընթացը, գ. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները և դ. Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումը։

 

Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ «Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենևին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանն ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու և Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով»։

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի համար զարմանալի է, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանն այդքան «Բարգավաճի» մասին մտածում:

 

«Օրինակ, եթե ՀԱԿ-ի ձեռքերը փակեր, ինքը հանդես գար ՀԱԿ-ի անունից, շատ տրամաբանական կլինի»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ հավելելով. «Չի կարելի ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանել»:

 

«Կուսակցությունները գնում են ընտրությունների, և ցանկացած մոդելի դեպքում ընտրություններն են որոշում' ովքեր են իշխանություն ձեռք բերում: Բազմակուսակցական ղեկավարություն կլինի, թե մեկ կուսակցության ղեկավարություն, դա կուսակցության ձեռքերը չի փակում, և ընտրություներում շատ ակնհայտ է դառնում, թե ով իրենից ինչ ուժ է ներկայացնում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: