Հայաստանի պետական պարտատոմսերը մինչև տարեվերջ հասանելի կդառնան օնլայն տարբերակով և նախատեսված կլինեն նաև փոքր նեդրողների համար: Նախագիծն իրականացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան» և Հայաստանի ֆինանսների նախարարությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը տեղեկացրեց, որ թեստային ռեժիմով փորձարկումներ արդեն արվում են, իսկ վերջնական տարբերակով համակարգը պատրաստ կլինի 2014-ի վերջին:
«Խոսքը Գանձապետական պահառու համակարգի վերափոխման մասին է: Մենք զգում ենք, որ հասարակության կողմից պահանջարկ կա, որպեսզի պետական պարտատմսերը հասանելի դառնան նաև օնլայն տարբերակով: Այսինքն' անձը նստած իր տանը կկարողանա ձեռք բերել 10 հազար դրամի կամ 20 հազար դրամի պետական պարտատոմս»,-ասաց Սարոյանը:
Սարոյանը նշեց, որ պարտատոմսերի եկամտաբերությունը բավականին գրավիչ է և եկամտահարկ չկա: «Սա այլընտրանքային ներդրումների գործիք է, այսինքն' ավանդի այլընտրանք»,-ասաց նա:
Պետական պարտատոմսերի անվանական արժեքը ներկայումս սահմանվում է 50 000 դրամ: Դրանք թողարկվում են պարբերաբար' 28, 91 կամ 182 օր մարման ժամկետով, վաճառվում են Ֆինանսների նախարարության հանձնարարությամբ' Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող աճուրդների միջոցով:
2014 թվականին առաջին եռամսյակում տեղաբաշխված պետական արժեթղթերի ծավալը կազմել է 14.5 մլրդ դրամ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31.3 մլրդ դրամի դիմաց, իսկ միջին ժամկետայնությունը' 1045 օր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1738 օրվա համեմատ:
ՀՀ պետական պարտատոմսերի շուկայում նկատվել է տոկոսադրույքների նվազում: Այսպես, եթե 2013 թվականին տեղաբաշխված պետական արժեթղթերի միջին եկամտաբերությունը կազմել է 13.25 տոկոս, ապա 2014 թվականի առաջին եռամսյակում այն կազմել է 9.43 տոկոս:
2014 թվականին պետական (շուկայական) պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը գերազանցել է թողարկման ցուցանիշը 2.23 անգամ, իսկ տեղաբաշխում/թողարկում հարաբերակցության միջին մեծությունը կազմել է 1:
Պետական պարտատոմսերով առեւտրի ծավալը 2013-ին կազմել էր 15.1 մլրդ ՀՀ դրամ: Պետպարտատոմսերով առեւտրի 53.1 տոկոսը բաժին էր ընկել միջնաժամկետ պետական պարտատոմսերով առեւտրին, 43.9 տոկոսը՝ երկարաժամկետ, իսկ 2.9 տոկոսը՝ կարճաժամկետ պետական պարտատոմսերով առեւտրին: