Հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել և թեպետ Ադրբեջանը բազմիցս խախտել է զինադադարի սկզբունքները, Հայաստանը շարունակում է մնալ փխրուն խաղաղության պահպանման կողմնակից և զերծ է մնում կրակոցներից և կրակահերթերից: Այս համատեքստում, ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Լակաթագ գյուղում ընթանում է զինված պայքար և հայկական զինված ուժերը հարձակվել են խաղաղ բնակչության վրա, իրականությանը չի համապատասխանում:


«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Նախիջևանի մոտ իրավիճակը հանգիստ է: Ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը' անկանոն կրակոցներ արձակելով, սակայն հայկական զինված ուժերը չեն պատասխանում անկանոն կրակոցներին և շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը: Հովհաննիսյանի փոխանցմամբ' հայկական զինված ուժերի որդեգրած սկզբունքը հետևյալն է. պատասխանել միայն նպատակային կրակոցներն և կրակ չբացել խաղաղ բնակչության վրա:

 

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ այսօր լուրեր էին տարածել, թե Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին իրավիճակը հանգիստ չէ: Regnum գործակալության հաղորդմամբ' Լակաթագ գյուղի բնակիչները պատմել էին, թե ռազմական բախումների հետևանքով բնակիչները ստիպված են լքել իրենց բնակարանները, ադրբեջանական կողմը իբր ունի կորուստներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, սակայն, չեն պատասխանել գործակալության հեռախոսազանգերին և նամակներին:

 

Ադրբեջանական այս ապատեղեկատվությունը միտում ունի կոծկելու իրենց զիուժի կողմից հունիսի 5-ին հրադադարի կանոնների խախտումը, որի հետևանքով հայկական ԶՈւ երկու պայմանագրային զինծառայողների էին զոհվել' Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):