«Հայ Յեղափոխական Դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումից։ Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն այսօր հանդիպել է Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ, ով էլ իրենց ներկայացրել է 20 մլրդ դրամի ճեղքվածը փակելու հանձնաժողովի նախաձեռնությունը՝ էլեկտրաէներգիայի սակագինը շուրջ 4 դրամով բարձրացնելու ճանապարհով։
Միաժամանակ պատգամավորը հարցրեց, թե արդյոք Կառավարությունը պատրաստվում է համակարգում ամբողջական աուդիտ իրականացնել ՝ տեխնիկական, ֆինանսական և այլն։ Բացի այդ, նա հարցրեց, քանի որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները տարբեր շահութաբերությամբ են աշխատում, արդյոք պետք չէ դիտարկել տարբերակ, որ այդ կազմակերպությունները՝ որպես բիզնես ընկերություններ, ֆինանսավորման այլ միջոց գտնեն և ոչ թե սակագների բարձրացում կիրառեն։
«Արդյոք կառավարությունը մտադի՞ր է քննարկել ամբողջական համակարգի մեջ, եթե նույնիսկ 20 մլրդ դրամ ֆինանսավորման խնդիր կա, քննարկել այլ աղբյուրից ֆինանսավորելու հարցը և չթողնել այդ հարցը լուծվի բացառապես սպառողների հաշվին սակագներ բարձրացնելով»,-հարցրեց նա։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը տեղի է ունենում ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների հիման վրա։ «Կարող եմ ասել, որ ներկայացված փաստաթղթերը հիմնավոր են»,- ասաց նա և նշեց, որ 3,80 դրամով սակագնի թանկացումն արվում է էներգիա արտադրող և սպառողին հասցնող ընկերությունների հետագա անխափան աշխատանքի կազմակերպման համար։
Ինչ վերաբերում է այլ աղբյուրներից ֆինանսավորվելու հարցին, ապա նա նշեց, որ նաև կա վարչապետի հանձնարարականը, որպեսզի մանրակրկիտ ուսումնասիրվեն այդ հարցերը։
ՀՅԴ պատգամավորն արձագանքեց, որ թեև հասկանալի է, որ անկախ հանձնաժողովը ստանալով դիմում՝ փորձել է ընկերությունում առողջացման գործընթաց իրականացել. «Բայց պետք է անկախ գնահատական լինի, թե չէ անընդհատ բախվելու ենք այս խնդրին և անընդհատ բարձրանալու են գները և բախվելու ենք տնտեսության համակարգի փլուզմանը»։
Նախարարը կրկնեց, որ հավատացնում է, որ այսօր իսկ մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարվում էներգետիկ ամբողջ դաշտում և ավարտից հետո կներկայացնեն։