Ազգային ժողովի ավարտված քառօրյայի ամենակարևոր հիրադարձություններից մեկը քառյակի կողմից համատեղ հայտարարության հրապարակումն էր: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Մենք սա շատ կարևոր ենք համարում: Հստակ ժամկետ ենք սահմանել, որ մինչ այդ հայտարարության մեջ ամրագրված 12 կետերը պետք է իրականացվեն, և մենք կարծում ենք, որ կարող ենք դրանք կյանքի կոչել մինչև սեպտեմբերի 30-ը»,- ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ իշխանություններն էլ ողջունել են քառյակի հայտարարությունը, սակայն, նրա կարծիքով, այս պահին նախադրյալներ չկան, որ կառավարությունը գործուն քայլերի կգնա այդ 12 կետերը իրագործելու համար: «Ամեն դեպքում այս պահին չեմ ցանկանում կատեգորիկ գնահատականներ հնչեցնել: Սպասենք, տեսնենք ինչ կլինի և, ինչպես արդեն ասել ենք, աշնանը կայանալիք քառյակի համատեղ հանրահավաքի ընթացքում կամփոփենք, թե ինչ արդյունքներ ունենք»,- նշեց Հակոբյանը:
Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը ներկայացրել է 12 կետից բաղկացած առաջարկները: Տեքստում շեշտադրված էին երկրում փոփոխություններ իրականացնելու մի շարք կետեր: Մասնավորապես, քառյակը պահանջում է վերացնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը, վերանայել ճանապարհային տեսանկարահանող սարքերի միջոցով սահմանվող տուգանքների ու ավտոկայանատեղերի համակարգը, նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերն առնվազն երեք անգամ, մարզերում խթանել փոքր ու միջին բիզնեսը, առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի ու վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի, գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձի բարձրացումը և այլն: