Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին հունիսի 16-ին եւ 17-ին տոնում է Հռիփսիմյանց ու Գայանյանց տոները: Սուրբ Հռիփսիմյան և Սուրբ Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց' երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակության օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Հիշատակության երկու օրերն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում է նախընթաց օրը' երեկոյան ժամերգությունից հետո` սուրբ կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ: Հավատավոր հայերն այդ օրերին ուխտի են մեկնում Էջմիածին:

 

Ըստ մեզ հասած պատմության'ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սուրբ Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր' Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սուրբ խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա Սուրբ Խաչի տոնը:

 

Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարո ղանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Ս. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև վկայարաններ կառուցում: Հետագայում հենց այդ վայրերում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո, 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվել Ս. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածել հայոց աշխարհում:

 

Աղբյուրը` qahana.am